Թանձրացնելով գաղջը

Հայաստանում առկա խնդիրների առումով լրատվական և քաղաքական դաշտի սևառվածությունը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Հանրության ուշադրությունը հաճախ սևեռվում է այնպիսի միջադեպերի և խնդիրների վրա, որոնք առնվազն բովանադակային առումով այդքան ընդգծված ուշադրության կարիք չպետք է ունենան: ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյան-Սերժ Սարգսյան հարցուպատասխանը դրա վառ վկայությունն է։ Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում ակտիվորեն քննարկվում է Զարուհի Փոստանջյանի հարցը`Սերժ Սարգսյանի կազինո գնալու և այնտեղ գումարներ տանուլ տալու հետ կապված: Սակայն որևէ անդրադարձ չկա այն բանին, որ հարցի առաջին մասում Փոստանջյանը Սարգսյանին մեղադրում է ընտրություններ կեղծելու և իշխանությունը բռնազավթելու մեջ: «Ժառանգության» պատգամավորի հարցի առաջին մասը առավել բովանդակային և քաղաքական է, քան երկրորդը, քանզի իշխանությունը բռանզավթելը լուրջ հանցագործություն է, և այդպիսի հանցագործություն կատարելուց և չպատժվելուց հետո կարելի է հանգիստ կազինո գնալ և առհասարակ վարել երկրի ղեկավարին ոչ հարիր կենսակերպ:

Սակայն նույնիսկ ՀՀԿ-ականներն ու իշխանության այլ ներկայացուցիչներ որևէ կերպ ուշադրության չարժանացրին և չդժոգոհեցին ընտրություններ կեղծելու մեղադրանքից և դրա համար Զարուհուն չպարսավեցին և «թուրք» չանվանեցին: Շատ հնարավոր է, որ իշխանությունների կողմից ենթագիտակցականով թելադրված մոտեցում էր: Հազիվ թե Զարուհուն «դավաճան» համարողներից որևէ մեկը Սերժ Սարգսյանին կազնիոյում տեսած լիներ, այդ մասին նրանք լսել են հիմնականում Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիկտոր Դալլաքյանից: Այսինքն՝ իրավունք ունեն չհավատալ և դժգոհել: Ինչ վերաբերում է ընտրություններ կեղծելուն և իշխանություն բռնազավթելուն, ապա այս դեպքում իշխանական ողջ թիմը այդ գործում այս կամ այն չափով ներգրավված է եղել, այսինքն՝ ոչ միայն աչքով են տեսել, այլև մասնակցել են: Ուստի նրանց համար զուտ հոգեբանական առումով շատ դժվար է վիճարկել այն իրողությունը, որին անմիջական մասնակցություն են ունեցել:

Սակայն, եթե իշխանության վարքագիծը բացատրելի է, ապա լրատվական-քաղաքական հատվածի սևեռվածությունը երկրոդրական խնդրին, որը մոռացության է մատնում հիմնական խնդիրը, առավել քան տարօրինակ է: Շատ ընդգծված օրինչափություն է նկատվում, որ հանրության ուշադրության միտումնավոր շեղումը ոչ բովանդակային, սակայն աղմկոտ թեմաների վրա, մոռացության է մատնում այնպիսի թեմաներ, որոնք պետական անվտանգության տեսակետից շատ կարևոր են և ժողովրդավարական երկրներում կառավարությունների հրաժարականի, քրեական և վարչական պատասխանատվության ենթարկելու հիմք են լինում:

Օրինակ, այն նույն ընթացքում, երբ քննարկվում էր «կազինոյի» խնդիրը, պարզվեց, որ գազի սակագինը ամռանը բարձրացել է առանց պայմանագրի, ինչի մասին հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: ԱԺ-ում վարչապետի հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ ՀԾԿՀ-ն անօրինական որոշում է կայացրել՝ «ՀայՌուսգազարդին» թույլատրելով բարձրացնել գազի սակագինը: Այս խնդիրը պետք է, որ շատ ավելի մեծ դժգոհությունների և քննադատությունների ալիք առաջացներ, քան Զարուհու նկատմամբ հանրապետականների հարձակումները: Բացի այդ, մամուլում հրապարակվեց, որ նորնշանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ընտանիքի կարողությունները, ըստ պաշտոնական հայտարարագրերի, նախկինում երկրաչափական պրոգրեսիայով ավելանալու հատկություններ են ունեցել: Սա այն դեպքում, երբ Կոստանյանը միշտ պետական պաշտոններ է զբաղեցրել: Մեղմ ասած՝ ոչ թափանցիկ եկամտի աղբյուրներով գլխավոր դատախազի նշանակումը պետք է, որ անհանգստացներ արդարության և օրենքի գերակայության համար պայքարողներին: Նույն տրամաբանության շրջանակներում վարչապետ Տիգրան Սարգսյանի «օֆշորային սկանդալը» այսքան աժիոտաժ չառաջացերց սոցցանցերում ու լրատվամիջոցներում, որքան Զարուհի Փոստանջյանի հարցը ԵԽԽՎ-ում:

Քաղաքական և լրատվական էլիտայի կողմից խնդիրների նման թիրախավորումը ամենևին էլ չի նպաստում երկրում համակարգային փոփոխոթությունների պահանջի գեներացիային, այլ ընդհակառակը՝ նպաստում է «գաղջ» մթնոլորտի թանձրացմանը և անզորության զգացողության խորացմանը:

Մեկնաբանել