Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշը նվազեցվել է 1/3-ով

Այս տարի արդյունաբերությունում աճը կդանդաղի մոտ երեք անգամ, շինարարությունում կարձանագրվի անկում։

Կառավարությունն այս տարվա տնտեսական աճի կանխատեսված 6,2% ցուցանիշը և նախագահի կողմից որպես թիրախ նշված 7%-ը վերանայել է դեպի նվազում՝ մինչև 4,1%։ Գալիքի տարվա պետբյուջեի նախագծի ուղերձից երևում է, որ գործադիրը վերանայել է տնտեսության բոլոր ճյուղերում նախկին կանխատեսումները։

Այսպես, արդյունաբերության համար կանխատեսված 9,2% աճի դիմաց ներկայում սպասվում է ընդամենը 3%։ Ցուցանիշի կտրուկ նվազեցումն ուշագրավ է, եթե հաշվի առնենք որ 2013թ. պետբյուջեի ուղերձում կառավարությունը նշել է, որ ոլորտի աճին կնպաստի նաև ճյուղում ներդրումների խրախուսմանը միտված կառավարության քաղաքականությունը (ներմուծվող սարքավորումների և արտադրական հոսքագծերի համար վճարման ենթակա ԱԱՀ-ն հետաձգվում է), ինչպես նաև արտաքին պահանջարկի կանխատեսվող աճը։

Համաշխարհային տնտեսության աճի տեմպի փաստացի դանդաղումը հանգեցրել է նրան, որ կառավարությունը ապրանքների և ծառայությունների արտահանման ծավալների կանխատեսումները նվազեցնի $322 մլն-ով՝ մինչև $2,66 մլրդ, իսկ ապրանքների արտահանման ցուցանիշը $254 մլն-ով՝ մինչև $1,95 մլրդ։

Արդյունաբերության ոլորտի աճի կանխատեսված ցուցանիշի նվազեցումը պայմանավորված է առավելապես Հայաստանի տնտեսության թույլ դիվերսիֆիկացիայով։ Այսպես, արդյունաբերության ոլորտի 35%-ը, իսկ արտահանման ծավալների շուրջ 50%-ը բաժին է ընկնում հանքարդյունաբերական արտադրանքին։ Հասկանալի է, որ համաշխարհային շուկայում մետաղների պահանջարկի նվազումը և գների կրճատումը ուղղակիորեն ազդեցություն է թողում Հայաստանի արդյունաբերության վրա։

Մյուս ոլորտը, որի աճի կանխատեսված ցուցանիշը կտրուկ վերանայվել է, շինարարությունն է։ Եթե մինչ այս կառավարությունը կանխատեսում էր, որ 2013թ. շինարարությունում կարձանագրվի 3,5% աճ, ներկայում ոլորտում 4,5% անկում է սպասում։ Անկման հիմնական պատճառն այն է, որ նվազել են ֆինանսավորման բոլոր աղբյուրների միջոցների հաշվին իրականացվող շինարարության իրական ծավալները՝ բացառությամբ բնակչության միջոցների հաշվին իրականացվող շինարարությունը։

Կառավարությունն աննշան նվազեցրել է նաև ծառայությունների ոլորտի աճի ցուցանիշը. կանխատեսված 6,2%-ի դիմաց այս տարի ոլորտում աճը կարող է կազմել 6%։ Մյուս կողմից՝ չնայած գարնանային կարկտահարություններին՝ գործադիրը գյուղատնտեսության ոլորտում կանխատեսում է 0,2 տոկոսային կետով ավելի մեծ աճ՝ 4,7%։

Ի դեպ` 2014թ. համար կառավարությունը կանխատեսել է 5,2% տնտեսական աճ։ Կառավարությունն աճ է սպասում բոլոր ոլորտներում, նույնիսկ շինարարությունում՝ 3%։ Ուշագրավ է, որ գործադիրը 2013-2017 թթ. գործունեության ծրագրում որպես թիրախ ընտրել է զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում՝ համախառն ներքին արդյունքի 5-7% աճ։

Ստացվում է, որ այս տարի կառավարությունը չի ապահովելու ծրագրով ամրագրված նվազագույն ցուցանիշը, իսկ գալիք տարվա համար կանխատեսվող աճը կլինի թիրախային ցուցանիշների միջակայքի ստորին մակարդակում։

Մեկնաբանել