8 հոկտեմբեր, 2013 23:46

Գրողների միության նախագահի պաշտոնակատարը կոչ է անում չճնշել և չուղղորդել

«Կոչ եմ անում զերծ մնալ ճնշումներից և ուղղորդումներից», - ասաց Հայաստանի Գրողների միության նախագահի պաշտոնակատար Էդվարդ Միլիտոնյանը «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման շրջանակում՝ անդրադառնալով հոկտեմբերի 20-ին կայանալիք՝ Գրողների միության արտահերթ համագումարում նախագահի ընտրությանը:

Ձեռնպահ մնալով որևէ անուններ նշելուց՝ Միլիտոնյանը կոչ արեց զերծ մնալ նախընտրական այս մթնոլորտում գրողների վրա ճնշումներ գործադրելուց և նրանց ուղղորդելուց:

«Միևնույնն է, այդ մարդկանց անունները վաղ թե ուշ բացահայտվելու են», - ասաց Էդվարդ Միլիտոնյանը՝ հույս հայտնելով, որ իր գործընկերները, որպես գրող, չեն հանդուրժի նման իրավիճակը:

«Հորիզոնի» հաղորդավար Պետրոս Ղազարյանի այն դիտարկմանը, թե Գրողների միության նախագահի պաշտոնը հասարակության մեջ ընկալվում է որպես չինովնիկական, Միլիտոնյանը պատասխանեց, որ պաշտոնը տարբեր ժամանակներում զբաղեցրած տարբեր գործիչներ իրենց պարտականությունները կատարել են իրենց պատկերացումներից ելնելով:

«Գրողների միությունը խորհրդային մնացուկ չե՞ք համարում» հարցին ի պատասխան Միլիտոնյանն ասաց. «Տարբեր կարծիքներ են հնչում, այդուհանդերձ, միությունը կարող է դրական ազդեցություն ունենալ  գրողների համար ստեղծագործական աճի և հնարավորությունների ստեղծման տեսանկյունից»:

Հաղորդման ընթացքում անդրադարձ եղավ նաև միության այսօրվա օրակարգին, որը, ըստ Ղազարյանի, չի արձագանքում հասարակությանը հուզող հարցերին:

«Չէ՞ որ գրողը ժամանակի խիղճն է, և Գրողների միությունը պետք է արձագանքի հասարակության հրատապ խնդիրներին», - հարցադրում արեց Պետրոս Ղազարյանը:

«Գրողների միության անդամներից յուրաքանչյուրը հայտնում է իր կարծիքը այս կամ այն հարցի շուրջ, և չեմ կարծում, որ միությունը պետք է ինչ-որ հավաքական հայտարարություններով հանդես գա», - պատասխանեց Միլիտոնյանը: