8 հոկտեմբեր, 2013 21:57

Հայաստանը 3-րդն է՝ Արևելյան գործընկերության երկրների շարքում մամուլի ազատության ցուցանիշով

Մամուլի ազատության ցուցանիշով Հայաստանը 3-րդն է Արևելյան գործընկերության երկրների շարքում: Այս մասին են վկայում Արևելյան գործընկերության Քաղաքացիական ֆորումի՝Եվրամիության ֆինանսավորմամբ անցկացված հետազոտության արդյունքները: 

Այսպես՝ ցանկը գլխավորում է Վրաստանը (1222 միավոր), նրան հետևում է Մոլդովան (1111 միավոր), ապա՝ Հայաստանը (912 միավոր): Ուկրաինան (797 միավոր) այս ցանկում 4-րդն է, Ադրբեջանը (523 միավոր)՝ 5-րդը, Բելառուսը (414 միավոր )՝ 6-րդը: 

Հետազոտությունը, որն ընդգրկում է ընթացիկ տարվա մարտ-հունիս ամիսները, գնահատում է միայն խոսքի ազատության աստիճանը, այլ ոչ թե գործընկեր երկրներում լրագրության որակը: Գնահատելիս հաշվի են առնվել հետևյալ չափանիշները՝ քաղաքական համատեքստը (սահմանադրությամբ լրատվամիջոցներին տրված իրավունքների ու ազատությունների աստիճանը), ընթացիկ պրակտիկան (լրատվամիջոցների ազատության սահմանափակումները), այդ թվում՝ հարձակումները, ձերբակալություններն ու սպառնալիքները լրագրողների հանդեպ, մատչումը տեղեկատվությանը, գրաքննությունն ու ինքնագրաքննումը, մատչումը հեռարձակմանը և համացանցին: