Էկոլոգիապես մաքուր, բայց աղքատ

Հայաստանի տարբեր մարզերում հանքարդյունաբերության դեմ պայքարող բնապահպանները տևական ժամանակ է, ինչ հավաստիացնում են, թե հանքերը խոչընդոտում են մարզերում գյուղատնտեսության, տուրիզմի և տնտեսության այլ ճյուղերի զարգացմանը: Ընդհուպ վկայակոչում են ինչ-ինչ հետազոտություններ՝ պնդելով, թե աղքատացումը անմիջական կապ ունի հանքարդյունաբերության հետ:

Բոլորովին նպատակ չունեմ գովաբանել հանքարդյունաբերությունը և անտեսել դրա հետևանքները: Բայց մի պահ ընդունենք, որ այդ մտքերը բացարձակ իրականություն են, և տնտեսական այդպիսի մոդելի կիրառման դեպքում կարելի է Շվեյցարիա դառնալ:

Սակայն Հայաստանում կան մարզեր, որտեղ մետաղական հանքեր և հանքարդյունաբերություն գրեթե գոյություն չունի: Վառ օրինակը Շիրակի մարզն է՝ էկոլոգիապես մաքրամաքուր բնություն, ալպիական մարգագետիններ, մաքուր օդ, ծառ-ծաղիկ, տուրիզմի համար նպաստավոր պայմաններ։ Բայց չգիտես ինչու այս ամենով հանդերձ շիրակցիների մտքով չի անցնում մարզում կառուցել բնապահպանների նշած դրախտավայրը: Ընդհակառակը, այս մարդիկ տնով-տեղով, գյուղապետերով արտագաղթում են Ռուսաստան՝ հեռավոր խոպաններում գումար վաստակելու:

Ճիշտ է՝ Շիրակի մարզում թուզ, ծիրան, մորի, մոշ չի աճում, բայց փոխարենը առատորեն աճում է կարտոֆիլ, կաղամբ, գազար, գարի, ճակնդեղ, եգիպտացորեն և այլ մշակաբույսեր: Գյուղատնտեսական նշանակության հողերի պակաս էլ չի զգացվում: Եթե այս ամենին գումարենք անասնապահության ու մեղվաբուծության համար բարենպաստ պայմանները (ալպիական մարգագետիններում անասունները կարող են անսպառ արածել), ապա կարելի է ասել, որ Շիրակի մարզը բնապահպաների նշած դրախտավայրն է: Սակայն արի ու տես, որ էկոլոգիապես մաքուր այս մարզը պաշտոնական տվյալներով Հայաստանի ամենաաղքատ մարզն է:

Գյուղատնտեսության և տուրիզմի շնորհիվ Հայաստանը դրախտ դարձնողնե՛ր կամ այդպիսի համոզվածություն հայտնողնե՛ր, բացատրե՛ք, խնդրեմ, այդ ինչպե՞ս է ստացվում, որ Շիրակի մարզն ունի ձեր նշած համարյա բոլոր նպաստավոր պայմանները, սակայն Շվեյցարիա չի դառնում; ի՞նչ երաշխիքներ կան, որ ասենք՝ Սյունիքի մարզում կամ մեկ այլ մարզում փակենք հանքերը, միանգամից տնտեսական բում է լինելու՝ գյուղատնտեսության ու տուրիզմի շնորհիվ:

Միայն որպես հակափաստարկ չնշեք, որ Շիրակում կլիման խիստ է, հաճախ կարկուտ է գալիս, միրգ չի աճում, որ չրի ու մուրաբայի գործարան աշխատեցնեն և այլն: Ասեմ, չրի ու մուրաբայի գործարանի փոխարեն կարելի է չիպսերի արտադրություն դնել (լիուլի կարտոֆիլ կա), կաղամբի թթու ու եգիպտացորենի հատիկներ պահածոյացնել… շարքը կարելի է շարունակել:

Շիրակցիները այդ ճանապարհով հարստանալու ու լավ ապրելու ձևը չգիտե՞ն, թե՞ խելքները չի հասնում: Եկե՛ք, սկսե՛ք Շիրակի մարզից: Ստացվելու դեպքում այն մատուցե՛ք որպես այլընտրանքային տնտեսության հաջողված օրինակ: Այդ դեպքում միգուցե Սյունիքում հանքերը փակեն և անցնեն մուրաբաներ և չրեր արտադրելուն:

Մեկնաբանել