Ռուսաստանը ձմեռային ժամանակի կանցնի 2014-ին․ «Վեդոմոստի»

Ռուսաստանում ձմեռային ժամանակին անցումը տեղի կունենա մեկ տարուց․ այս հոկտեմբերին սլաքները տեղափոխելու կարիք չի լինի։ Այս մասին գրում է ռուսական «Վեդոմոստի» թերթը՝ վկայակոչելով երկրի նախագահի աշխատակազմին մոտ կանգնած իր աղբյուրը։

Պետդումայի՝ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր Վլադիմիր Գուտենևը նույնպես հաստատել է, որ 2013թ․ ռուսաստանցիները սլաքները չեն տեղափոխի։ «Եթե գալիք օլիմպիական խաղերի հեռարձակման որոշ պայմանագրերի կատարման հետ կապված հնարավոր խնդիրների պատճառով չկա դա 2013թ․ անելու հնարավորություն, ապա խորհրդարանականները պատրաստ են սպասել»,- ասել է Ռուսաստանում ձմեռային ժամանակը վերադարձնելու մասին օրինագծի հեղինակ Գուտենևը։

Ավելի վաղ Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Կոզակը հայտարարել էր, որ համապատասխան արդեն ընդունված որոշումների՝ կնքված են Սոչիի 2014թ․ ձմեռային օլիմպիական խաղերի հեռարձակման բոլոր պայմանագրերը։ «Ժամերի փոփոխությունն արդեն հնարավոր չէ»,- ասել էր նա։

Սոչիի 2014թ․ օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավար Դմիտրի Չեռնիշենկոն հոկտեմբերի 11-ին Ռուսաստանի Հանրային պալատում հայտարարել է, որ Օլիմպիադայի նախաշեմին ձմեռային ժամանակին անցումը կհանգեցնի ֆինանսական և հեղինակության ռիսկերի և կարող է բյուջեին արժենալ $300 մլն։ Օլիմպիադայի կազմակերպիչները նաև կարծում են, որ ձմեռային ժամանակին անցումը անհարմարություններ կստեղծի ռուս մարզիկների համար և կհանգեցնի լոգիստիկ խնդիրների։

Ձմեռային ժամանակը վերադարձնելու մասին օրինագիծը ՌԴ Պետդումա էր մտցվել սեպտեմբերի 20-ին։

Ռուսաստանի բոլոր քաղաքացիների համար ձմեռային ժամանակին անցումը չեղյալ է հայտարարվել 2011թ․ հունիսին՝ այդ ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրամանագրով։ Փորձագետներն ու շարքային քաղաքացիները բազմիցս քննադատել են այս որոշումը։

Մեկնաբանել