Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 12-ին ընդունել է Ռիգայի քաղաքապետ, Ռիգայի քաղաքային խորհրդի նախագահ Նիլ Ուշակովին, հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից:
Սերժ Սարգսյանը ողջունել է Ռիգայի քաղաքապետի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան: Հանդիպմանը երկուստեք գոհունակությամբ է նշվել, որ վերջին երեք տարիներին Երևանի և Ռիգայի իշխանությունների միջև ձևավորվել են սերտ հարաբերություններ, իսկ ընթացիկ տարում ստորագրված Երևանի և Ռիգայի եղբայրացման մասին համաձայնագիրն ամուր հիմքեր է ստեղծել երկու երկրների մայրաքաղաքների համագործակցությունը տարբեր ոլորտներում զարգացնելու համար:
Հանրապետության նախագահը ողջունել է նաև Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների միջազգային համաժողովին Ռիգայի քաղաքապետի մասնակցությունը: Սերժ Սարգսյանի խոսքով, ԵԽ նախարարների կոմիտեում նախագահությունն ստանձնած Հայաստանի համար շատ կարևոր է նաև տեղական ինքնակառավարման մարմինների կայացումն ու զարգացումը, ապակենտրոնացված համագործակցության ընդլայնումը:
Նախագահը հաջողություններ է մաղթել քաղաքապետ Ուշակովին՝ իր ամենօրյա գործունեության մեջ և նաև Երևանի ու Ռիգայի միջև բարեկամական կապերի սերտացման գործում: