Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք. Զորի Բալայանն արդեն պատասխանել է

Խորհրդային Միության մայրաքաղաք Մոսկվայից արդարություն պահանջող այդ մարդիկ մինչև այսօր մնացել են հեռավոր 1988-ում՝ համառորեն չնկատելով, որ դրսում 2013-ի աշունն է, և որ Մոսկվան արդեն իրենց մայրաքաղաքը չէ:

Այս հարցի պատասխանը պետք է տա յուրաքանչյուր հայ։ Զորի Բալայանն արդեն իսկ պատասխանել է։

Հոկտեմբերի 8-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստիպված էի «բանավիճել» ղարաբաղյան շարժման ակտիվիստներից մեկի՝ փիլիսոփայության դասախոս Գրիգորի Աֆանասյանի հետ։ Առիթն ու պատճառը նրա մի գրությունն էր՝ «Լեռնային Ղարաբաղը շնորհավորում է Վ.Վ.Պուտինին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։ Նա իր մեջ ամփոփել է ողջ դարաշրջանը։ Մաղթում ենք նրան երջանկություն»։ Ես անմիջապես արձագանքեցի, խնդրելով նրան ՎՎՊ-ին շնորհավորել միայնումիայն իր անունից։ Փաստարկս հետևյալն էր՝ «անձամբ ես Ձեզ չեմ լիազորել իմ անունից շնորհավորելու նրան»։

Նրա պատասխանն անակնկալ չէր ինձ համար՝ այլ բան չէի էլ սպասում.

-Գեղամ Բաղդասարյան, ես էլ Ձեզ չեմ լիազորել՝ լիազորելու ինձ, թե ինչ խոսեմ ու գրեմ, չեմ լիազորել առավել ևս նրանց, ովքեր գտնվում են Ղարաբաղի շուրջ և նրա մերձակայքում։

-Դիագնոզը միանգամայն պարզ է,- եզրափակեցի վեճը՝ անիմաստ համարելով այն շարունակելը։ Բաներ կան, որ խելքը գլխին մարդը պիտի ինքնուրույն հասկանա, իսկ եթե չի հասկանում՝ անիմաստ է բացատրել ու չպիտի բացատրել։ Նվաստացած կզգային ինձ, եթե փորձեի բացատրել, որ ես պարզապես իմ իրավունքն եմ պաշտպանում և մտադիր չեմ որևէ մեկին թույլ տալ խոսելու իմ անունից։ Որ ես չեմ ոտնահարում նրա իրավունքները և պարզապես նրանից ակնկալում եմ նույնը՝ որ չոտնահարի իմ իրավունքները։ Մեկ է՝ չէր հասկանալու։

Անիմաստ համարեցի նաև այն պատճառով, որ ցավագնորեն ծանոթ եմ նրա ու նրա սերնդակից ակտիվիստների մեծ մասի անձնական ողբերգությանը։ Խորհրդային Միության մայրաքաղաք Մոսկվայից արդարություն պահանջող այդ մարդիկ մինչև այսօր մնացել են հեռավոր 1988-ում՝ համառորեն չնկատելով, որ դրսում 2013-ի աշունն է, և որ Մոսկվան արդեն իրենց մայրաքաղաքը չէ։ Այդ մարդիկ հուսահատ երկարաձգում են 1988-ը, քանի որ ժամանակային այլ շրջանակում պարզապես չեն տեղավորվում։ Սա իսկապես ողբերգություն է։ Այդ մարդիկ ժամանակին կարողացել են հաղթահարել իրենց վախը, ձեռնոց նետել ամբողջատիրական համակարգին և ի լուր ամբողջ աշխարհի խոսել սեփական ժողովրդի դարդուցավի մասին։ Բայց անցել է որոշ ժամանակ և նրանք արդեն իրենք են դարձել իրենց իսկ ժողովրդի դարդուցավը։

Դեռ մեր բանավեճի ազդեցության տակ էի, երբ տեղեկացա Վլադիմիր Պուտինին հղված մեկ այլ մեսիջի մասին։ Խոսքը Զորի Բալայանի նամակի մասին է, որում հայտնի հրապարակախոսը կանխորոշում է Ղարաբաղի ապագան, ընդ որում՝ դա անում է ոչ թե մեզ հետ, այլ նույն ՎՎՊ-ի։

Այս տխուր համապատկերում, սակայն, մի բան ինձ շատ ուրախացրեց։ Իմ ու Աֆանասյանի վեճի նման մի բանի էլ ականատես եղա նույն Ֆեյսբուքում։ Այս մի առիթով էլ իմ համերկրացի լրագրող՝ Քրիստինե Խանումյանը շատ հստակ ու միանշանակ արտահայտեց իր դիրքորոշումը. «Ես ԼՂՀ քաղաքացի եմ, մասնակցում եմ ԼՂՀ համապետական ընտրություններին, որով ընտրում եմ նախագահ ու ԱԺ, ես` ոչ բովանդակային առումով, ոչ էլ՝ իրավական, չեմ լիազորել Զորի Բալայանին ԼՂՀ ապագայի վերաբերյալ որևէ նամակ հղել որևէ մեկին՛՛:

Այո, հենց սա է պետք հիմա։ Ոմանց պիտի հստակ ասվի, որ նրանք մեզ հետ ոչ մի կապ չունեն։ Ամեն ինչ այստեղից է սկսվում և այստեղ էլ վերջանում։ Ոչ ոք չպիտի մեր փոխարեն որոշի, թե որն է մեր հայրենիքը։

Մի հանգամանքի վրա էլ եմ ուզում ուշադրություն սևեռել։ Աֆանասյանի ասած «Ղարաբաղի շուրջ» գտնվող մարդկանց մասին։ Սա պարզապես ինձ գոտկատեղից ցածր հասցված հարված չէ։ Սա հոգեբանություն է ու դիրքորոշում։ Որոշ ժամանակ առաջ ԼՂՀ իշխանություններին կոշտ քննադատող հոդված էի գրել և մի քանի օր անց երևանյան թերթերից մեկում տեսա ստեփանակերտյան վարչակարգի հանձնակատարներից մեկի հոդվածն իմ մասին, որտեղ ամեն ինչից զատ մեղադրվում եմ Երևան տեղափոխվելու, իմա՝ «հայրենիքը լքելու մեջ»։ Սոսկ մի հարց ուղղեցի հանձնակատարին ու կամպանիային. «Հայաստանն արդեն ձեր հայրենի՞քը չէ, և ո՞րն է, արդյոք, ձեր հայրենիքը»։

Սա իսկապես սկզբունքային հարց է։ Եվ այսպես՝ ո՞րն է, բաբո, մեր հայրենիք։ Այս հարցին պիտի պատասխանի յուրաքանչյուր հայ։ Մեկ առ մեկ։ Բաց ու հրապարակային։ Զորի Բալայանն արդեն իսկ պատասխանել է։ Հերթը մյուսներինն է։

Գեղամ Բաղդասարյան

Լուսանկարը` Ֆոտոլուրի

Մեկնաբանել