Ճապոնիային հարվածել է վերջին 10 տարիների ամենաուժեղ թայֆունը

Նվազագույնը 14 մարդ զոհվել է Ճապոնիայում և 50 մարդ անհայտ կորել է «Վիֆա» թայֆունի առաջացրած ողողումների և սողանքների հետևանքով։

Ինչպես հաղորդում է BBC-ն, ամենից շատ մարդ զոհվել է Իձու Օսիմա կղզում՝ Տոկիոյից 120 կմ հարավ, որտեղ տասնյակ տներ թաղվել են սողանքների տակ կամ մնացել են ջրի տակ։

Իձու Օսիմա կղզուն հարվածել է ուժեղ քամի, որն իր հետ բերել է հորդառատ անձրևներ։ Հոկտեմբերի 16-ի առավոտյան մեկ ժամվա ընթացքում տեղումների ծավալը հասել է 122 մմ-ի։

Կղզում ավերվել կամ վնասվել է ավելի քան 200 շինություն, գլխավոր քաղաքի շատ փողոցներ ծածկվել են ցեխի հոծ զանգվածով։ Իձու Օսիմայում ապրում է մոտ 8 հազ․ մարդ։

Թայֆունի էպիկենտրոնում քամու ուժգնությունը կազմում է վայրկյանում 35 մ։

Փրկարարները փնտրում են անհայտ կորածներին։

Տոկիոյում չեղյալ են հայտարարվել 400 ավիա և արագընթաց գնացքների չվերթներ, ինչպես նաև փակվել են բոլոր դպրոցները։

Սա Տոկիոյի շրջան հասած ամենաուժեղ փոթորիկն է վերջին տասը տարիներին։

Ճապոնիայի ազգային օդերևութաբանական վարչությունը մարդկանց կոչ է անում տներից դուրս չգալ։

Թայֆունն այժմ շարժվում է «Ֆուկուսիմա» ատոմակայանի ուղղությամբ։

Ակնկալվում է, որ մինչև հոկտեմբերի 17-ի գիշեր թայֆունը կմոտենա Կուրիլյան կղզիներին։ Այդ ժամանակ թայֆունի քամու ուժգնությունը կթուլանա, և այն կվերածվի արևադարձային փոթորկի։

Մեկնաբանել