Վիլնյուսում ԵՄ-ի հետ 1,5-էջանոց հռչակագիր կստորագրվի. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակի» դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ ՀՀ իշխանությունները, այդուամենայնիվ, որոշակի համաձայնության են եկել Եվրամիության հետ և պատրաստվում են նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության անդամ երկրների գագաթաժողովի ժամանակ Ասոցացման և Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ համաձայնագրի փոխարեն 1,5-էջանոց մի փաստաթուղթ ստորագրել, գրում է թերթը:

«Փաստաթղթի անունը, ըստ այս պահին եղած տեղեկատվության, լինելու է հռչակագիր։ Դիվանագիտական աղբյուրները մանրամասնում են, որ ստորագրվելիք հռչակագիրը լինելու է այս տարիների ընթացքում ԵՄ-ի հովանու ներքո արդեն կատարված աշխատանքների մասին` կոռուպցիան հաղթահարելու, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում։

Նույն շրջանակները նշում են, որ ԵՄ-ն համաձայնել է նման փաստաթղթի ստորագրմանը, քանի որ հակառակ դեպքում կստացվեր, որ պարտվել է Հայաստանի դեպքում և իր 4 տարվա աշխատանքը ջուրն Է ընկել։ Իսկ Սերժ Սարգսյանին դեկլարատիվ այդ փաստաթղթի ստորագրումը խիստ ձեռնտու է, քանի որ նա էլ պետք է փորձի ապացուցել, թե` տեսեք իմ ասած «և-և» սկզբունքը իրագործվեց»,- գրում է ՀԺ-ն:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի հոկտեմբերի 16-ի համարում:

Մեկնաբանել