17 հոկտեմբեր, 2013 20:25

31 մլն դրամ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից` Եվրոպական ակադեմիային

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը 31 մլն դրամ է հատկացրել Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիային (ԵԿՏԱ)` «Կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» ամբիոնում կրթական ժամանակակից երրորդ լաբորատորիան ստեղծելու համար, ասված է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի տարածած հաղորդագրությունում:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ներդրած ֆինանսական աջակցության շնորհիվ լսարանային տարածքը համապատասխանեցվել է արդի ուսումնական պահանջներին և չափանիշներին: Այն ապահովվել է համակարգչային տեխնիկայով: Կհատկացվեն նաև ամբիոնի պրոֆեսորա-դասախոսական կազմի աշխատավարձն ու հավասարեցված այլ վճարները:

2011թ. կողմերը եռակողմ համաձայնագիր էին ստորագրել կրթական համատեղ ծրագրի ստեղծման մասին` ուղղված ՏՀՏ ոլորտի մասնագետներ պատրաստելուն: Երեք տարվա ընթացքում ստեղծվել է կրթական երեք լաբորատորիա, որի համար «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ներդրել է շուրջ 74 մլն դրամ: «Սինոփսիս Արմենիան» ԵԿՏԱ-ին անվճար հիմունքներով տրամադրել է էլեկտրոնային ավտոմատ նախագծման ուսումնական փաթեթի հավաստագրեր, համապարփակ ուսումնական նյութեր, ինչպես նաև ամբիոնի պրոֆեսորա-դասախոսական կազմի վերապատրաստում:

«Կրթությունն այն ոլորտն է, որի զարգացման համար անհրաժեշտ են լավ հաշվարկված և նպատակաուղղված ծրագրեր: Այստեղ ներդրված միջոցները հիմնականում արդյունք են տալիս ոչ թե անմիջապես, այլ տարիներ հետո: Դրանք, սակայն, անգնահատելի են ու չափազանց կարևոր` երկրի ապագան կանխորոշելու հարցում: Մենք ձգտել ենք ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք մասնագիտացման ճանապարհին թույլ կտան ապահովել ուսանողի հաջողելու հավանականությունը և որպես մասնագետ` նրա լիարժեք կայացումը: Ժամանակակից լաբորատորիաները կարող են նորովի բացահայտել ուսանողի ձիրքերը` կրթությունը դարձնելով առավել գրավիչ և արդյունավետ»,- ասել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:    

«Տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտի զարգացման գերկարևոր նախապայման է բարձրորակ և ժամանակակից պահանջներին բավարարող մասնագետների առկայությունը»,- ասել է «Սինոփսիս Արմենիայի» տնօրեն Հովիկ Մուսայելյանը: -Այս ծրագիրը ոլորտում տեսական գերժամանակակից գիտելիքներով և գործնական հմտություններով զինված մասնագետների պատրաստման համար եռակողմ համագործակցության փայլուն օրինակ է»:

«Այս  համագործակցությունը Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի և «Սինոփսիս Արմենիայի», «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հետ մեծապես նպաստում և աջակցում է Ակադեմիայի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի բարելավմանը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ուսանողներին առաջարկելով նոր մակարդակի մասնագիտական գիտելիքներ ու հմտություններ հատկապես միկրոէլեկտրոնիկայի մասնագիտացման շրջանակում»,- ասել է ԵԿՏԱ ռեկտոր Անդրանիկ Ավետիսյանը: