17 հոկտեմբեր, 2013 19:00

Car Pooling-ի անհաջողության պատճառը

«Վճարում ենք 100 դրամ» ակցիայի շրջանակներում Car Pooling-ի միջոցով քաղաքացիների մի ստվար զանգված իր մեքենաներով օգնում էր ուղևորներին հասնելու իրենց ցանկացած վայրը: Այս վարքագիծը շատերի մոտ հույս արթնացրեց, որ հնարավոր կլինի պահպանել նման սովորույթը, ու հետագայում ևս մարդիկ իրենց մեքենաներով կօգնեն քաղաքացիներին տեղափոխելու հարցում:

Սակայն կարճ ժամանակ անց վարորդները դադարեցին քաղաքացիներին կանգառներից տեղափոխել, վարքագիծը շարունակական չդարձավ: Ավելի վաղ նմանատիպ թեմայի շուրջ Սևակ Սարուխանյանն իր սյունակներից մեկում գրել էր Երևանում առատ ձյան հետևանքով տաքսիների պակասի ու քաղաքացիների կողմից տաքսի կիսելու պատրաստակամության պակասի մասին: Նա որպես օրինակ նշել էր Ֆրենսիս Ֆուկույամայի «Մեծ ճեղքում» (The Great Disruption) աշխատությունում նշված օրինակը. ԱՄՆ-ում նավթային ճգնաժամի ընթացքում Սփրինգֆիլդի քաղաքացիների փորձը, երբ Բլենդ և Օլդ-Քին-Միլ փողոցների հատման հատվածում ամեն առավոտ մարդիկ կանգնում-սպասում էին հերթական ավտոմեքենային, որը նրանցից 2-3-ին տեղափոխելով՝ 95-րդ խճուղով շարժվում էր դեպի Կոլումբիայի շրջան: Սյունակագիրը եկել էր եզրահանգման, որ Հայաստանում նման ավանդույթի բացակայության հիմնական պատճառը սոցիալական կապիտալի պակասն է:

Ըստ իս, «Վճարում ենք 100 դրամ» ակցիան ցույց տվեց, որ պատճառը ոչ թե սոցիալական կապիտալի պակասն է, այլ նման երկարաժամկետ վարքագիծ ցուցաբերելու տնտեսական շարժառիթների բացակայությունը: Ձյան պատճառով տաքսիների պակասը տարվա մեջ ընդամենը մի քանի օր է առաջանում, այդ իսկ պատճառով կարճաժամկետ երևույթները չեն կարող վարքագիծը փոխելու հիմք լինել:

ԱՄՆ-ում վարորդները փոխեցին իրենց վարքագիծը, քանի որ նավթի գների բարձրացումը, ինչպես նաև կառավարության քաղաքականությունը, ըստ որի՝ մեքենա ունեցողներին թույլատրվում էր երթևեկել 95-րդ խճուղով առնավազն երեք ուղևորով, փաստորեն տնտեսական և քաղաքական շարժառիթներ ստեղծեցին վարորդների համար: Ճգնաժամից հետո էլ նրանք շարունակեցին ուղևորներ վերցնել, քանի որ դա տնտեսապես փոխշահավետ էր՝ ուղևորները կիսում էին ճանապարհածախսը:

Մինչդեռ «Վճարում ենք 100 դրամ»-ի դեպքում վարորդների շարժառիթը հիմնականում ալտրուիստական էր, և ակցիայից հետո՝ տնտեսական շարժառիթների բացակայության պայմաններում, նրանք վերադարձան իրենց նախկին վարքագծին: Երևանում քաղաքացիների մեծ մասը մեքենայի համար որպես վառելանյութ գազ է օգտագործում՝ բենզինի փոխարեն, որը ավելի էժան է, իսկ տրանսպորտի գինն այսօր 100 դրամ է: Դժվար թե վարորդները ջանք թափեն՝ հավելյալ 200-300 դրամով մարդկանց տեղափոխելու համար, հատկապես, որ դա պետք է արվի առավոտյան, երբ աշխատանքից ուշանալու կամ խցանումների մեջ ընկնելու վտանգ կա:

Այսօր մոսկվայաբնակները Car Pooling-ի միջոցով կազմակերպում են քաղաքացիների տեղափոխումը: Այնտեղ Car Pooling-ը աշխատում է, քանի որ քաղաքացիները վճարում են վարորդներին տեղափոխելու համար, ինչն էլ տնտեսական շարժառիթներ է ստեղծում շարունակականության համար:

Մի խոսքով, Car Pooling-ի շարունակական մնալու համար կարևոր են տնտեսական շարժառիթները: «Վճարում ենք 100 դրամ» ակցիայի փորձը ցույց տվեց, որ մարդիկ պատրաստ են կարճաժամկետ ալտրուիստական գործունեություն ցուցաբերելու, սակայն տնտեսական շարժառիթների բացակայության դեպքում դադարեցնում են նման վարքագիծը:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: