Պուտինի պատասխանը Նոբելյան մրցանակակիրներին

Խաղաղության Նոբելյան մրցանակի 11 մրցանակակիրներ համատեղ նամակ են հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով անել ամեն ինչ` Greenpeace-ի 28 ակտիվիստներին և Arctic Sunrise նավի երկու լրագրողներին ազատ արձակելու համար։

Դիմումի տակ ստորագրել են Նոբելյան մրցանակի արժանացած քաղաքացիական ակտիվիստներ, մարդու իրավունիքների պաշտպաններ, բնապահպաններ, քաղաքական գործիչներ Իռլանդիայից, Իրանից, Գանայից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Լիբերիայից, Արգենտինայից և այլ երկրներից։

Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է, որ մրցանակակիրները սխալ հասցեով են դիմել։

«Նախագահը մեծագույն հարգանքով է վերաբերվում Նոբելյան մրցանակակիրներին և միշտ մեծ ուշադրություն է դարձնում նրանց կարծիքին։ Այս դեպքում խոսքը այնպիսի իրավիճակի մասին է, երբ նախագահը ճիշտ հասցեատերը չէ» ,- ասել է Պեսկովը։

Մեղադրանքները, որոնց համաձայն Greenpeace-ի անդամներին 15 տարվա ազատազրկում է սպառնում, նամակի հեղինակները «չափազանց» են անվանել և խնդրել Ռուսաստանի նախագահին նոր մեղադրանքների դեպքում ապահովել դրանց համապատասխանությունը ռուսական և միջազգային օրենսդրությանը:

Հիշեցնենք, որ 30 մարդ, այդ թվում՝ 19 երկրի քաղաքացի, սեպտեմբերի կեսին երկու ամսով կալանավորվեց ակցիայից հետո, որի ընթացքում Greenpeace-ի ակտիվիստները Բարենցի ծովում փորձել էին, ինչպես հայտարարվել է, պաստառ փակցնել ռուսական գազային հսկա «Գազպրոմին» պատկանող «Պրիրազլոմնայա» նավթային հարթակի վրա։

Հոկտեմբերի 3-ին Arctic Sunrise նավի բոլոր 30 անդամներին առաջադրվեցին ծովահենության մեղադրանքներ։ Նրանց մինչև 15 տարի ազատազրկում է սպառնում։

Greenpeace-ը կտրականապես հերքում է բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ ակցիան եղել է միանգամայն խաղաղ, իսկ բնապահպաններն այդպիսով ցանկացել են հասարակայնության ուշադրությունը հրավիրել Արկտիկայում նավթի արդյունահանման վտանգի վրա։

Մեկնաբանել