ՌԴ-ն մտադիր չէ ԱՊՀ երկրներին հետ պահել ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումից

Ռուսաստանը չի պատրաստվում ԱՊՀ երկրներին հետ պահել Եվրամիության հետ ասոցացման և ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրումից, սակայն կոչ է անում ծանրութեթև անել բոլոր «կողմերն» ու «դեմերը», ռուսական «Ռիա նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովը։

«Ռուսաստանը չի պատրաստվում որևէ երկրի հետ պահել ԵՄ-ի հետ ասոցացման և ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրումից․ դա նրանց սուվերեն իրավունքն է, մենք միայն կոչ ենք անում ծանրութեթև անել այդպիսի քայլի բոլոր «կողմերն» ու «դեմերը», ևս մեկ անգամ նայել այդպիսի համաձայնագրերի տեքստերը դրանց՝ այլ կազմակերպությունների (որոնցում մենք անդամակցում ենք միասին և որոնց աշխատանքի համար ընդհանուր պատասխանատվություն ենք կրում) շրջանակում ավելի վաղ ստանձնած պարտավորություններին համապատասխանության տեսանկյունից և միաժամանակ մեր համագործակցության հնարավոր շարունակման համար չստեղծել օբյեկտիվ, տեխնիկական խոչընտոդներ»,- հայտարարել է Մեշկովը։

Նրա խոսքով՝ «ինչ քաղաքականություն էլ որ իրականացնի ԵՄ-ն արևելյան ուղղությամբ, այն պետք է չմեկուսացնի, այլ հակառակը, մերձեցնի պետություններին, հաշվի առնի նրանց շահերը, պատմական և աշխարհագրական առանձնահատկությունները, ուղղված լինի սիներգետիկ էֆեկտի ստեղծմանը՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների»։

ՌԴ փոխարտգործնախարարի նշել է, որ «Ռուսաստանը որևէ մեկին բռնի չի ներքաշում առանց այդ էլ հզոր առանցք ունեցող Մաքսային միություն»։ «Մենք կշարունակենք մեր ներդրումն ունենալ Մաքսային միության զարգացման և Եվրասիական տնտեսական միության ստեղծման հարցում»,- ասել է նա։

Մեկնաբանել