Խնդիրը, որ Հայաստանն ունի, քաղաքական է. Տարոն Աճեմօղլու

«Խնդիրը քաղաքականությունը սեփական քաղաքացիների պահանջներին ավելի համահունչ դարձնելն է: Այնպես, որ քաղաքական այդ գործընթացի միջոցով Հայաստանը դադարի լինել օլիգարխիա»,- ասում է Աճեմօղլուն: (Photo: mit.edu)

«Ես իհարկե Հայաստանի հարցերով մասնագետ չեմ, բայց կարող եմ ասել, որ խնդիրը, որ Հայաստանն ունի, աշխարհագրական չէ, մշակութային չէ, աշխարհաքաղաքական չէ, այլ քաղաքական է». նման կարծիք հայտնեց աշխարհահռչակ տնտեսագետ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Տարոն Աճեմօղլուն՝ այսօր Երևանի պետական համալսարանում ընթացող Հայկական տնտեսագիտական միության տարեկան գիտաժողովին Բոստոնից իր տեսաելույթի ընթացքում:

Նա այս կարծիքը հայտնեց՝ Հայաստանի զարգացման խնդիրը դիտարկելով իր և Ջեյմս Ռոբինսոնի հեղինակած հայտնի «Ինչու են պետությունները ձախողում» (Why Nations Fail) աշխատության տեսանկյունից, ըստ որի՝ պետությունների զարգացման համար ավելի կարևոր են ոչ թե աշխարհագրական, աշխարհաքաղաքական, կլիմայական և այլ գործոնները, այլ նախևառաջ քաղաքական ինստիտուտները: Ըստ Աճեմօղլուի տեսության՝ այդ ինստիտուտները լինում են ներառող (inclusive) և քամող (extractive), և հաջողում են այն ազգերը, որոնք ունեն ներառող քաղաքական ինստիտուտներ, և հակառակը՝ ձախողում են նրանք, որոնց ինստիտուտները քամող են:

Խոսելով Հայաստանի մասին՝ Աճեմօղլուն ասաց. «Խնդիրը քաղաքականությունը սեփական քաղաքացիների պահանջներին ավելի համահունչ դարձնելն է: Այնպես, որ քաղաքական այդ գործընթացի միջոցով Հայաստանը դադարի լինել օլիգարխիա, այլ դառնա հասարակություն, որը շատ ավելի մեծ խթաններ կապահովի իր քաղաքացիների մեծամասնության համար, որպեսզի այն կարողանա համախմբել այն նշանակալից ներուժը, որն ունի»:

Հարցին, որ պետությունները զարգացման այս կամ այն ուղիով գնում են կրիտիկական հանգրվաններից հետո, և Հայաստանի համար այդ կրիտիկական հանգրվանը 1990-ականների սկիզբն էր և արդյո՞ք Հայաստանը ճիշտ ուղու վրա է այդ ժամանակվանից սկսած, թե՞ մեկ այլ կրիտիկական հանգրվանի կարիք ունի, Աճեմօղլուն պատասխանեց. «Ինստիտուցիոնալ փոփոխությունը երկու ձևով է տեղի ունենում՝ աստիճանական, որը շատ դանդաղ գործընթաց է՝ իր վայրիվերումներով, բայց հաճախ նաև լինում են արագ ինստիտուցիոնալ փոփոխություններ կրիտիկական հանգրվաններից հետո: Ինչը մենք ենք շեշտադրում [նկատի ունի իրեն և Ջեյմս Ռոբինսոնին], այն է, որ երբ լինում է կրիտիկական պահը, այն կարող է և՛ նպաստել գոյություն ունեցող համակարգի ամրապնդմանը, և՛ կարող է խթանել ինստիտուցիոնալ մեծ փոփոխությունները»: Նա օրինակ բերեց անդրատլանտյան առևտուրը, որի միջոցով Իսպանական թագավորությունը վերածվեց ավելի կեղեքող պետության, իսկ Բրիտանականը՝ ավելի ներառող և սեփական քաղաքացիների պահանջներին արձագանքող։

Աճեմօղլուի խոսքով՝ Խորհրդային Միության փլուզումը կրիտիկական հանգրվան էր նախկին խորհրդային ազդեցության տարածքի համար, և այդ կրիտիկական պահը տարբեր զարգացումներ ունեցավ, օրինակ՝ Չեխիայում կամ Լեհաստանում, և խորհրդային մի շարք հանրապետություններում, որտեղ նախկին կոմունիստական ղեկավարները դարձան նորանկախ պետություների առաջնորդներ և վերահսկողություն հաստատեցին համակարգի նկատմամբ և նույնիսկ էլ ավելի կլեպտոկրատ եղան, քան նախկինում էին:

«Հայաստանը մի քիչ այլ դեպք է, որովհետև այն որոշ վայրիվերումներով եղել է էլեկտորալ դեմոկրատիա: Բայց, ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ Հայաստանը վատնեց իր այդ կրիտիկական պահը և արմատական տեղաշարժ չարձանագրեց իր անցյալի նկատմամբ, ինչը կլիներ առողջ ինստիտուցիոնալ աճի հիմքը: Կարծում եմ, որ Հայաստանը ինստիտուցիոնալ զարգացման դեռ շատ երկար ճանապարհ ունի, բայց նաև չէի ասի, որ այն, ինչի կարիքն ունի Հայաստանը հիմա, մեկ այլ արտաքին կրիտիկական հանգրվանն է: Փաստը, որ այն ժողովրդավարություն է, արդեն իսկ հիմք է տալիս, որ մարդիկ մի օր կկարողանան վերլուծել և տեսնել խնդիրների արմատները և միգուցե լուծել խնդիրները առանց մեծ շոկի»,- նշեց Աճեմօղլուն՝ կրկին ընդգծելով, որ ինքը Հայաստանի հարցով մասնագետ չէ:

Հոկտեմբերի 18-21-ն ընթանում է Հայկական տնտեսագիտական միության տարեկան գիտաժողովը: Հոկտեմբերի 19-ին գիտաժողովի նիստին մասնակցում էին վարչապետ Տիգրան Սարգսյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, տնտեսագետներ, ուսանողներ:

Կարեն Հարությունյան

Տեսանյութը դիտեք այստեղ:

Watch the report in English .

Մեկնաբանել