20 հոկտեմբեր, 2013 19:27

Էդվարդ Միլիտոնյանը՝ Հայաստանի գրողների միության նախագահ

Հայաստանի գրողների միության նախագահ է ընտրվել Էդվարդ Միլիտոնյանը: Կիրակի կայացած Հայաստանի գրողների միության համագումարում տեղի ունեցած ընտրության ժամանակ Միլիտոնյանն ստացել է 199 ձայն, այն դեպքում, երբ նրա մրցակիցներ Հովիկ Հովեյանը ստացել է 100, Դավիթ Սարգսյանը՝ 24, իսկ Ռոմիկ Խաչատրյանը՝ 4 ձայն:Անվավեր է ճանաչվել 7 թերթիկ:

Համագումարն անցել է լարված մթնոլորտում:

Հայաստանի գրողների միության նախագահի պաշտոնը թափուր էր սեպտեմբերի 2-ին Լևոն Անանյանի մահվանից հետո, որը միությունը ղեկավարում էր 2001-ից:

Էդվարդ Միլիտոնյանը մանկագիր է: Նրա հայտնի գրքերից են «Չիպոն», «Վահագն վիշապաքաղի արկածները » և «Հնարամիտ բադիկ Բադ-Բադալի ճանապարհորդությունը»: Նա 29 գրքի հեղինակ է, ներառյալ հայերեն և ռուսերեն բանաստեղծությունների ժողովածուներ և արձակ ստեղծագործություններ` երեխաների և մեծահասակների համար: Մանկական բանաստեղծությունների ժողովածուն` «Տեղեկատու կատուն» 2003թ.  արժանացել է Մանուկների համար գրված լավագույն գիրքը մրցանակին ` Գրողների Միության կողմից: «Վահագն վիշապաքաղի արկածները» մանկական վեպը 2008թ. արժանացել է ՀՀ Նախագահի մրցանակին:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի