Հայաստանը շարունակելու է իր ներդրումն ունենալ ԵԽ նպատակների առաջմղման գործում. Է. Նալբանդյան

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ, որը Հայաստանում է «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովին մասնակցելու նպատակով, հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել ԵԽ քարտուղարությանը և անձնապես գլխավոր քարտուղարին նախարարների կոմիտեում հայկական նախագահության աշխատանքներին համակողմանի աջակցություն ցուցաբերելու համար։
Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ հայկական նախագահության ընթացքում մեկ տասնյակից ավելի կարևոր միջոցառումներ են տեղի ունեցել և դրանցից առանձնացրել է ՀՀ նախագահի այցելությունը Ստրասբուրգ, Երևանում անցկացված «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներում» խորագրով խորհրդաժողովը, ԵԽ Միջմշակութային երկխոսության կրոնական հարթության հանդիպումը, Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի լիագումար նիստը, ԵԽ անդամ երկրների մայրաքաղաքների քաղաքապետերի խորհրդաժողովը, ԵԽ բարձրագույն կրթության հարցերով պատասխանատու նախարարների տարածաշրջանային հանդիպումը և բարձրաստիճան այս խորհրդաժողովը։

Արտգործնախարարը նշել է, որ Հայաստանը նույն եռանդով շարունակելու է իր ներդրումն ունենալ Եվրոպայի խորհրդի նպատակների առաջմղման գործում:

ԵԽ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել ԵԽ նախարարների կոմիտեում հայկական նախագահության ծավալած գործունեությունը և արդեն իսկ կատարված աշխատանքները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Եվրոպայի խորհրդի հետագա գործունեության, ԵԽ-ում իրականացվող բարեփոխումների և այլ օրակարգային հարցերի վերաբերյալ։

Մեկնաբանել