Նահանջ՝ երգով

Աշխարհի տարբեր ժողովուրդների երգարվեստին այս կամ այն չափով ծանոթությունն ինձ բերել է այն ենթադրության, որ յուր ժամանակին Աստված ժողովուրդներին մշակույթ բաժանելիս ամեն մեկին տվել է մի երաժշտական սյուժե, մի «բեզռազմեռնի» ծամոն-մեղեդի՝ ծամծմելու-ձևավորելու-զարգացնելու համար կամ, ինչպես երգահաններն են կոմպոզիցիա անցնող սկսնակներին հանձնարարում՝ մի «թեմա»։ Ամեն ժողովուրդ դարեր ի վեր անմռունչ և ամեն անգամ նորովի ծամծմում է այդ բազմաչարչար ու բազմածամծամ սյուժեն, փչում-զարգացնում, իմպրովիզ անում, բազմաժանրում, բայց անպայման մնում թեմայի շրջանակներում, քանի որ ամեն ծամոն ու ամեն ինչ այս աշխարհում սահման ունի։ Ահա թե ինչու օտար ոչ մի լեզվի չտիրապետելով, բայց ժողովուրդների մասին որոշակի պատկերացում ունենալով՝ առանց մեծ դժվարության կարելի է ճանաչել իտալական, ֆրանսիական, ռուսական և այլ երաժշտությունը, իմա՝ առանց մակնշման էլ իմանալ, թե այդ ծամոնը որ երկրի արտադրության է։ Միգուցե որոշակիորեն տարբերվում է ամերիկյան երաժշտությունը, բայց դա էլ, հավանաբար, պայմանավորված էր այդ երկրի՝ ազգերի խառնարան լինելու հանգամանքով, իմա՝ ներծամոնային բազմազանությամբ։ Թեև ոչ-երաժշտագետիս դիտարկմամբ՝ ամերիկյան երաժշտությունն էլ է ժամանակի ընթացքում վերածվում համազգային ու միասնական ծամոնի։

Մի հանգամանք էլ կա՝ եթե համազգային ծամոնի շրջանակներից հնարավոր էլ էր դուրս գալ, ապա մեկ այլ ծամոնի մեջ մտնելու պարտադիր պայմանով, քանի որ ծամոնները միշտ էլ փոխազդեցության մեջ էին։ Կամ էլ՝ երկու և ավելի համազգային ծամոնների անբնական ու անհամ համակցությամբ։ Դա կատարվել է բերանի ու քիմքի անաղարտության պահպանման մասին համազգային դարավոր կոչ-հրամայականի ծնծղաների տակ։

Մեր երաժշտածամոնը վաղուց հեռացել է իր նախաստեղծ ու աստվածատուր էությունից և միանգամայն այլ համ ու երանգ ձեռք բերել։ Ճիշտ է, մերթընդմերթ (դար առ դար) փորձ է արվում հիշեցնել մեզ մեր նախաստեղծը։ Բայց անօգուտ։

Ակամա լսում ես այսօրվա տոտալ-համատարած անճաշակ ու սրտխառնուք առաջացնող ռաբիսն ու կլկլոցը և §կամա¦ հանգում այն մեղսոտ մտքին, որ Կոմիտասն, այս առումով, թյուրիմացություն էր, որ փորձեց խանգարել մեր նոր ազգային-ծամոնական մշակույթի բյուրեղացմանն ու վերարտարդմանը, ժամանակավոր երկարաձգեց այդ անխուսափելի գործընթացը, հուսահատ փորձ անելով մեր հոգին պարուրել կասկածներով ու ստիպելով ականջալուր լինել մեր նախնիների երաժշտականչին։ Թյուրիմացություն էր նաև Արամ Խաչատրյանը։ Ռոմանոս Մելիքյանն ու Ալեքսանդր Սպենդիարյանը՝ նույնպես։ Ընդհանրապես, թյուրիմացություն էին մյուս ոլորտների մեր մեծերը։ Նրանք ևս թյուրիմացության մեջ գցեցին մեր ժողովրդին, կասկածի տակ դրեցին նրա երաժշտական և ընդհանրապես մշակութային §դարավոր¦ ճաշակը։ Սակայն նման թյուրիմացություները երկար չէին տևում, մենք շատ արագ թոթափում էինք անհարկի ու կյանք պղտորող կասկածներն ու վերադառնում մեր հարազատ կլկլոցին։ Ճիշտ է՝ հընթացս շարունակվում էր բանավեճն առ այն, թե որտեղ, որ հանգրվանում է գտնվում մեր մշակույթը։

Ով որ կնեղանա մեր մեծերին թյուրիմացություն անվանելուց, թող փորձի բացատրել, թե այսօր մեր մշակույթն ինչ կապի ունի մեր մեծերի մշակույթի հետ և, մասնավորապես, մեր երգարվեստն ինչ կապ ունի մեր մեծերի երաժշտական ճաշակի հետ։ Այդքան շուտ և այդքան անհետք ու անհեթեթ չեն մոռանում սեփական ժառանգությունը։ Երբ ստրկության ու կախվածության մեջ էինք լինում, դա բացատրում էինք մեր կամքի վրա բռնանալու հանգամանքով, բայց ահա անկախացանք և շռնդալից տրվեցինք մեր իսկական վարքուբարքին ու մեր իսկական երաժշտական ճաշակին՝ մեր իսկ ձեռքով արմատախիլ անելով մեր մեծերի մշակույթը։ Այսօր քայլում ես Երևանի փողոցներով ու չես պատկերացնում, ֆիզիկապես չես պատկերացնում, որ այստեղով Թումանյան և Իսահակյան է անցել, Չարենց ու Մահարի է անցել, Խաչատրյան ու Սպենդիարյան, Սևակ ու Սարյան։ Ինչպե՞ս կարող են իսկապես մեծ մշակույթ ունեցող ժողովրդի ներկայացուցիչներն այսքան վայրենանալ, հոշոտել միմյանց, հեշտանքով ավերել սեփական մշակույթն ու երկիրը, դատարկել այն։ Ինչպե՞ս կարող էին նրանք հայտնվել բեմի ու բորդյուրի արանքում։ Ի վերջո, մարդկային հարաբերությունների մշակույթը ևս այս կամ այն ազգի մշակույթի բաղկացուցիչ ու կարևոր մասն է։ Իսկ լեզո՞ւն։ Ականջալուր եղեք, թե փողոցում և հեռուստաեթերում ինչ լեզվով են խոսում մարդիկ և փորձեք այն առնչել մեր արքայական-ոսկեղենիկի հետ։

Սակայն ծամոնը միայն երաժշտական-մշակութային չէ, որ լինում է։ Լինում է նաև աշխարհագրական-ռազմավարական-մարտավարական, իսկ ավելի ճիշտ՝ գաղափարահոգեբանական։ Այսպես, մեր ժողովուրդը դարեր ի վեր ծամում է այն թեզը, որ մեր դժբախտությունների հիմքերի հիմքը աշխարհագրական-քարտեզային ճամփաբաժանում գտնվելն է, ինչի դեմ ոչինչ չենք կարող անել և ստիպված ենք անմռունչ կրել այդ խաչը։

Ինչ խոսք, մենք միշտ գտնվել ենք սրա-նրա միջև՝ պարթևների ու հույների, պարսիկների ու հոռոմների, ռուսների ու պարսիկների, թուրքերի ու արաբների, թուրքերի ու ռուսների, ամերիկացիների ու ռուսների և այլոց միջև, այլ կերպ ասած ու մեր բարդույթին հասկանալի եզրաբանությամբ՝ երկու կրակի արանքում։ Բայց միայն մենք չէինք երկու կրակի արանքում, այլ գրեթե ողջ աշխարհը, կամ գոնե ողջ տարածաշրջանը։ Վրաստանն էլ է մեր տարածաշրջանում, բայց գաղափարահոգեբանական այդ ծամոնից չունի։ Ասել է թե՝ ծամոնը ճամփաբաժանում չէ, այլ՝ մեր հոգում, մեր հոգու ճամփաբաժանում, մեր գլխում։

Դարեր ի վեր չենք կարողանում կողմնորոշվել, թե որտեղ ենք մենք կամ որտեղ ենք ուզում լինել։ Երկընտրանքը միշտ էլ ձևով տարբեր է եղել, բայց էությամբ նույնը։ Հիմա էլ Եվրոպա-Ասիա (վերջինիս տեղ Եվրասիա փոխզիջումային տարբերակով) երկընտրանքն է, ավելի գլոբալ առումով՝ Արևմո՞ւտք, թե՞ Արևելք։ Դարեր ի վեր մեր ուղեղն Արևմուտքում է եղել, իսկ սիրտն ու աղեստամոքսային տրակտը՝ Արևելքում։ Ու այս երկատված վիճակում էլ ապրել ու ապրում ենք։

Աշխարհագրական ճամփաբաժանում հայտնվել ենք մեր հենց այս հոգեկան լաբիրինթոսի պատճառով։

Մեկնաբանել