Քաղաքական գիտության կոմսոմոլները

Զորի Բալայանի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակը աջակցություն է ստացել նաև Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի (ՔԳՀԱ) կողմից: Նամակի բովանդակության մասին արդեն գրել եմ: Ասոցիացիայի աջակցությունը այս նամակին, ցույց է տալիս այդ կազմակերպության մտքի անզորությունը:

Հայտարարության հղումը բացելիս առաջինը, ինչ աչքի է զառնում, այդ կազմակերպության ոչ պրոֆեսիոնալ լինելն է: Հայտարարությունը տարածվել է ՔԳՀԱ-ի անունից, բայց տեղադրվել է Հայկ Քոթանջյանի նկարը, երբ նման դեպքերում տեղադրվում է տվյալ կազմակերպության լոգոն կամ տարբերանշանը: Ինչևէ, սա փոքրագույն բացթողում է տեքստի բովանդակության կոպտագույն սխալների համեմատությամբ:

Հայտարարությունում, որը ստորագրվել է քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանի կողմից, նշվում է. «Զորի Բալայանի նամակը նպատակաուղված է այն բանին, որ ռուսաստանյան պետության ղեկավարը ձեռքի տակ ունենա Անդրկովկասի քաղաքական պատմության՝ գիտականորեն ճշտորոշված փաստերի առումով հավաստի և համակարգված շարադրանք…»: Նախ հետաքրքիր է իմանալ, թե որտեղի՞ց Հայկ Քոթանջյանը ինֆորմացիա ունի, որ Վլադիմիր Պուտինը իր ձեռքի տակ չունի Անդրկովկասի քաղաքական պատմության համակարգված շարադրանք: Հետո էլ, ինչի՞ հիման վրա է Հայկ Քոթանջյանը պնդում, որ նամակը շարադրված է գիտականորեն ճշտորոշված հավաստի փաստերի վրա:

Օրինակ, Զորի Բալայանն նամակում գրում է. «Թուրքիան բոլոր ժամանակներում, ըստ էության, եղել է Պարսկաստանի և Ռուսաստանի թշնամին: Եվ բոլոր ժամանակներում, ըստ տրամաբանության, կմնա թշնամի: Մեկ օրինակ. այսօր մեր աչքի առջև պանթուրքիստական Թուրքիան ավերում է մահմեդական Սիրիան: Կասկած չկա, որ դա ուղղված է այդ թվում նաև Ռուսաստանի և Իրանի դեմ»: Կարելի է Հայկ Քոթանջյանին հարց ուղղել, թե գիտականորեն ճշտորոշված ո՞ր հավաստի փաստերով է Թուրքիան բոլոր ժամանակներում եղել Պարսկաստանի ու Ռուսաստանի թշնամին: Կարելի է խնդրել դոկտոր Քոթանջյանին, որ նա գիտական հետազոտության նման փաստ ցույց տա, որպեսզի մենք էլ համոզվենք, որ նրա ասածը իրականությանը համապատասխանում է: Հետո՝ այդ ո՞ր գիտական հետազոտությունն է պարզել, որ Թուրքիան ավերում է Սիրիան Ռուսաստանի դեմ: Եթե գիտականորեն ապացուցված է, ապա անհրաժեշտ է հղումներ կատարել նման հետազոտության արդյունքներին: Նաև հետաքրքիր է, թե երբվանի՞ց է թշնամանքը գիտական ճշտորոշված փաստ դարձել:

ՔԳՀԱ-ն իր այս հայտարարությունով ոչ միայն արժեզրկել է այդ կազմակերպության վարկանիշը, այլ նաև հարված է հասցրել գիտությանը: Կազմակերպությունը՝ ի դեմս Հայկ Քոթանջյանի, փորձում է գիտությունը օգտագործել քաղաքական նպատակների համար, որով նրանք գիտական աշխատանքների արդյունքների փոշիացում են կատարում:

Միանշանակ երևում է, որ Հայկ Քոթանջյանը խորհրդային գիտական պրակտիկայի կրող է, որտեղ գիտությունը օգտագործվում էր միայն քաղաքական նպատակներով: Կոմսոմոլական դպրոց անցած մարդու վարքագիծ է հիշեցնում նրա քայլը:

Հայկ Քոթանջյանը միանշանակ կարող էր աջակցություն ցուցաբերել Զորիի անզոր մտքի արգասիքներին առանց գիտությունը վարկաբեկելու: Եվ եթե նա նայեր իր շրջապատին, ապա կտեսներ, որ այդ ամենը կարելի էր անել առանց քաղաքագիտության աջակցության, սակայն նա կարծես թե փորձեց մի քայլ առաջ անցնել իր շրջապատից:

Հ.Գ. Դոկտոր Քոթանջյան, խնդրում եմ, թշնամանք մի տարածեք գիտության հանդեպ, այն մեզ և մեր սերունդներին դեռ շատ է պետք գալու:

Photo: Panarmenian

Մեկնաբանել