24 հոկտեմբեր, 2013 22:57

Է. Նալբանդյանը մասնակցել է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 24-ին մասնակցել է Մինսկում կայացած ԱՊՀ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստին, հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Խորհրդի օրակարգը ներառել է մեկ տասնյակից ավելի հարցեր՝ հոկտեմբերի 25-ին կայանալիք ԱՊՀ գագաթաժողովին ԱՊՀ պետությունների ղեկավարների քննարկմանը ներկայացվելիք փաստաթղթերի և ԱՊՀ ձևաչափում իրականացվող բազմակողմ համագործակցության վերաբերյալ:

ԱՊՀ երկրների արտգործնախարարների կողմից հավանության են արժանացել 2015 թ. ԱՊՀ-ում Հայրենական մեծ պատերազմի վետերանների տարի հայտարարելու և 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված տոնակատարությունների նախապատրաստմանն ուղղված հիմնական միջոցառումների ծրագիրը:

Նախարարների խորհրդում անդրադարձ է եղել իրավապահ մարմինների միջև համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցերին: Մասնավորապես քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի միջպետական խորհրդի ստեղծման մասին համաձայնագրի, ինչպես նաև մարդկանց առևտրի, հանցավորության, թմրամիջոցների և նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության համատեղ միջոցառումների միջպետական ծրագրերի նախագծերը:

Արտգործնախարարների խորհրդի կողմից հավանություն է տրվել մինչև 2020 թ. զբոսաշրջության բնագավառում համագործակցության Ռազմավարության նախագծին, որտեղ ամփոփված են զբոսաշրջության բնագավառում համագործակցության հիմնական ուղղություններն ու նպատակները, Համագործակցության միասնական տարածք ձևավորելու մեխանիզմները:

Նիստի ընթացքում քննարկվել են «2014 թ. Ղազախստանի Հանրապետությունում (Ալմաթի) և Ղրղզական Հանրապետությունում (Օշ) քաղաքները «Համագործակցության մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի իրականացման մասին» որոշումների նախագծերը: