Կադաֆիի որդու դեմ հեղափոխականներին սպանելու մեղադրանք է առաջադրվել

Հոկտեմբերի 24-ին Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի դատարանը մեղադրանք է առաջադրել 30 նախկին բարձրաստիճան անձանց դեմ, որոնք Մուամար Կադաֆիի կառավարման օրոք բարձր պաշտոններ են զբաղեցրել: Ինչպես հաղորդում է AFP-ն, մեղադրյալների թվում է նաև Կադաֆիի որդին՝ Սեյֆ ալ Իսլամ Կադաֆին:

Այս մարդկանց դեմ առաջադրված մեղադրանքների ցուցակը մեծ է՝ սպանություն, առևանգում, բռնաբարություն, կողոպուտ, սաբոտաժ, պետական միջոցների հափշտակում, ազգային միասնականության խարխլում: Այս բոլոր հանցագործությունները կատարվել են 2011թ.՝ Կադաֆիի վարչակարգի դեմ հեղափոխության ժամանակ:
Դատական նիստին, որի ժամանակ ընթերցվել են մեղադրանքները, բերել են միայն 12 մեղադրյալներին: Մյուսներին համապատասխան փաստաթղթերը կհանձնվեն ավելի ուշ: Ինչպես պարզաբանել են բարձրաստիճան պաշտոնյաները, դա արվել է այն պատճառով, որ որոշ մեղադրյալների տեղափոխումը պետք է իրականացվի անվտանգության աննախադեպ պայմաններում:
Դատական գործընթացի ժամկետը դեռ չի նշանակվել: Ավելի վաղ նախատեսվում էր, որ այն կսկսվի սեպտեմբերի կեսին, սակայն գործընթացը տարբեր պատճառներով հետաձգվել է:

Սեյֆ ալ Իսլամ Կադաֆին պնդում է, որ ինքն ամբողջովին անմեղ է: Քաղաքացիական պատերազմի ժամանակ նա փաստացի իր հոր մամուլի քարտուղարի դերն է կատարել և մարտական գործողություններին չի մասնակցել:

Մեկնաբանել