Եվրախորհրդարանի բանաձևում խավիար չկա

Հոկտեմբերի 22-ին Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան հայտարարել է, որ հաշվի առնելով Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը՝ քաղաքացիական հասարակության հետ հարաբերությունները շատ ավելի կարևոր են դարձել ԵՄ-ի համար: Նա նաև նշել է, որ պետք է վերանայել Հայաստանի հետ բոլոր ծրագրերը:

Հաջորդ օրը դեսպանի հայտարարությանը հետևեց Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որը վերաբերում էր եվրոպական հարևանության քաղաքականությանը և դրա վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի դիրքորոշմանը: Բանաձևում նշվում է, որ ԵՄ-ն պետք է առավել ակտիվ աշխատի Հարևանության ծրագրի երկրների քաղաքացիական հասարակության, ինչպես նաև անհատների հետ: Սերժ Սարգսյանի որոշումը՝ միանալ Մաքսային Միությանը, կարևոր մեսիջ է եղել ԵՄ-ի համար, և նրանք հասկացել են, որ միայն իշխանության հետ աշխատելը երբեմն ցանկալի արդյունքներ չի տալիս:

Եվրոպական խորհրդարանը դատապարտել է բռնությունները քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ, որոնք եվրոպական ինտեգրմանը կողմ են արտահայտվել: Այսինքն՝ ԵՄ-ն անհանգստացած է միայն այն ակտիվիստներով, ովքեր եվրոինտեգրմանը կողմ են արտահայտվել: Չնայած զեկույցում նշված է, որ ԵՄ-ն պետք է երկակի ստանդարտներ չկիրառի արտաքին քաղաքականության ոլորտում, սակայն հենց զեկույցում խորհրդարանը երկակի մոտեցում է ցուցաբերում ակտիվիստների նկատմամբ:

Եվրոպական խորհրդարանը ափսոսանք է հայտնել է, որ Սերժ Սարգսյանը որոշել է միանալ Մաքսային Միությանը և հիշեցրել, որ քաղաքական այդ որոշումը չի համապատասխանում Ասոցացման համաձայնագրին, ինչպես նաև ափսոսանք է հայտնել, որ Սերժ Սարգսյանը այդ որոշումը կայացրել է առանց խորհրդարանական և հանրային քննարկումների:

Զեկույցը մեծ ուշադրություն է դարձրել Արցախի խնդրի կարգավորմանը: Ի դեպ, երկու անգամ անդրադարձել է Արցախի խնդրին: Նախ՝ հիշեցրել է, որ Արևելյան գործընկերության տարածքում մեկ երկրի կողմից մյուս երկրի տարածքի օկուպացիան խախտում է գործընկերության քաղաքականության սկզբունքները, և նշել, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերի, ԵԱՀԿ Մինսկի խմբի Հիմնարար սկզբունքների, որոնք ամրագրված են լԱկվիլայի 2009թ. հուլիսի 10-ի համանախագահների համատեղ հայտարարությունում:

Բաղրամյան 26-ին կից աշխատող վերլուծաբանները շտապեցին հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի մասով հայտարարությունները խավիարային դիվանագիտության արդյունք են: Սակայն նրանք մոռացել են, որ Սերժ Սարգսյանը իր համաձայնությունն է տվել լԱկվիլայի հայտարարությանը, որն էլ հիմնված է Հիմնարար սկզբունքների, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերի վրա, իսկ վերը նշվածները ենթադրում են, որ օկուպացված տարածք կա: Զեկույցը ամբողջովին հիմնված է Սերժ Սարգսյանի համաձայնությունների վրա, և այստեղ խավիարային դիվանագիտությունը որևիցե բան չի կատարել:

Հաջորդ մասում խորհրդարանը վերահաստատում է, որ անհրաժեշտ է տարածաշրջանում կայունություն ու անվտանգություն ստեղծել, որին պետք է հասնել նաև Արևելյան գործընկերության շրջանակում, ինչպես նաև կոչ է անում Վրաստանին, Ադրբեջանին, Հայաստանին և Մոլդովային լրացուցիչ ջանքեր գործադրել տարածքային խնդիրների լուծման համար: Մի կողմից չորս երկրներին կոչ է անում լուծել հակամարտությունը, մյուս կողմից մանրամասնում է միայն Արցախի վերաբերյալ խորհրդարանի դիրքորոշումը: Այսինքն՝ շեշտը դնում է Արցախի հակամարտության կարգավորման վրա: Այնուհետև հիշեցնում է Եվրոպական խորհրդարանի դիրքորոշման մասին, որ ԵՄ-ի կողմից Ասոցացման պայմանագրի ստորագրումը Հայաստանի ու Ադրբեջանի հետ պետք է կապված լինեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի հետ, ինչը պետք է համապատասխանի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերին, ԵԱՀԿ Մինսկի խմբի Հիմնարար սկզբունքներին, որոնք ամրագրված են լԱկվիլայի 2009թ. հուլիսի 10-ի համանախագահների համատեղ հայտարարությունում:

Զեկույցից երևում է, որ ԵՄ-ն անհանգստացած է ղարաբաղյան խնդրով և այն դիտում է կարևոր խոչընդոտ Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավման գործում: Բացի դրանից, ԵՄ-ն ունակ չէ կողմերին անվտանգության երաշխիքներ տրամադրել, և ղարաբաղյան խնդրի լուծումը կազատի նրան հավելյալ բեռից: Այդ իսկ պատճառով ոչ թե խավիարային դիվանագիտությունն է դեր խաղացել Լեռնային Ղարաբաղի մասով կետերը ձևակերպելու համար, այլ ԵՄ շահերը և ղարաբաղյան հարցում Սերժ Սարգսյանի տված համաձայնությունները:

Մեկնաբանել