29 հոկտեմբեր, 2013 16:22

Լուկաշենկոյի ու Զեյնալովայի արանքում

Հոկտեմբերի 22-ին Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՊՀ երկրների լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ թեև մոտ ապագայում Հայաստանը Մաքսային միությանը չի կարող անդամակցել, բայց առաջիկայում կայանալիք ԱՊՀ երկրների և ԵվրԱզԷՍ-ի անդամ պետությունների գագաթաժողովում այս թեման կարող է բարձրացվել։ Այսինքն՝ Բելառուսի նախագահը հրապարակայնորեն թանկացնում է Մաքսային միության անդամակցության գինը և փորձում Հայաստանի նվաստացումը ԱՊՀ տարածաշրջանում ամբողջացնել:

Ալեքսանդր Լուկաշենկոյի այս հայտարարությունը կարելի էր ընդունել էքսցենտրիկ առաջնորդի չկշռադատված հայտարարություն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բարդ հարաբերությունները Հայաստանի հաշվին կարգավորելու փորձ, եթե այդ հայտարարությունից ընդամենը մի քանի օր հետո Ռուսաստանի առաջին ալիքի հաղոդավար, ազգությամբ ադրբեջանցի Իրադա Զեյնալովան չզարգացներ Լուկաշենկոյի տրամաբանությունը:

Հոկտեմբերի 27-ի իր ռեպորտաժում անդրադառնալով Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու ցանկությանը՝ նա մասնավորապես նշել է. «Չէ՞ որ ի սկզբանե Մաքսային միությունը հավասար պարտավորություններ կատարող երկրների միություն է։ Եվ հենց այդ պատճառով Մաքսային միությանը միանալու Հայաստանի ցանկությանը պատասխանել են, որ մոտ ապագայում այն այդպես էլ կմնա ցանկություն ղարաբաղյան հարցում Ադրբեջանի հետ ունեցած տարածքային հարցի պատճառով»:

Փաստացի ռուսական առաջին ալիքը ավելի կոշտ երանգներով է ներկայացնում Լուկաշենկոյի հայտարարությունը: Բացառված է, որ Կրեմլի խոսափողը համարվող ալիքով ինչ-որ լրագրող զուտ անձնական կամ ազգային համակրանքի հողի վրա կարողանա ինչ-որ հայտարարություններ անել: Այդ ալիքով արտահայտվում են բացառապես Կրեմլի պաշտոնական կամ կիսապաշտոնական տրամադրությունները: Հակառակ դեպքում ադրբեջանուհին վաղուց հեռացված կլիներ հեռուստաալիքից:

Ռուսական առաջին ալիքի այս հաղորդումը պայմանավորել Զեյնալովայի ազգային պատկանելության հետ մանկամտություն է: Ավելին, նման հայտարարություն անելու համար հատուկ ընտրվել է ազգությամբ ադրբեջանցի լրագրող, և դա ամբողջովին ռուսական ոճի մեջ է:

Դեռևս անհասկանալի պատճառներով ռուսական բարձրագույն իշխանությունները զրոյացնում են Հայաստանի միջազգային վարկանիշը, Մաքսային միության անդամակցությունը դարձնում են նվաստացումներով հագեցած մի գործընթաց: Մեղադրել ռուսական կամ բելառուսական կողմին, շատ դժվար է. նվաստացնում են նրանց, ովքեր դա թույլ են տալիս: Իսկ Հայաստանի իշխանությունները թույլ են տվել:

Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ի մոսկովյան հայտարարությունից հետո, որը լրջագույն նշանակություն կունենա երկրի զարգացման հեռանկարի վրա, փաստացի չի խոսել ժողովրդի հետ, չի բացատրել, թե ինչ է կատարվում, միջազգային հարաբերությունների ինչ շրջապտույտի մեջ ենք հայտնվել: Այդ պատճառով է, որ Հայաստանի կարգավիճակի և նրա արտաքին քաղաքականության մեջ առկա խնդիրների մասին տեղեկանում ենք ոչ թե Սերժ Սարգսյանից կամ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանից, այլ Ալեքսանդր Լուկաշենկոյից կամ Իրադա Զեյնալովայից:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: