Եվրոպական երկրների նախարարները գտել են լրտեսումից պաշտպանվելու ձևը

Ֆրանսիայում և Նիդեռլանդներում նախարարներին պարտավորեցրել են կոդավորման գործառույթով օժտված բջջային հեռախոսներ գնել` դրանք արտասահմանյան հատուկ ծառայությունների գաղտնալսումներից պաշտպանելու համար: Այս մասին հաղորդում է բելգիական Le Soir պարբերականը:

Իր հերթին Բելգիայի վարչապետ Էլիո դի Ռուպոն լրտեսումից պաշտպանվելու նպատակով նախարարներին խնդրել է առանց բջջային հեռախոսի ներկայանալ կառավարության այն նիստերին, որոնց ընթացքում քննարկվում են «զգայուն թեմաներ»:

Ավելի վաղ Շվեյցարիայի նախագահ Ուլի Մաուրերն էր խոսել «տեխնոլոգիաների» մշակման մասին, որոնք թույլ կտան նախարարների հեռախոսները պաշտպանել գաղտնալսումից: Նա չէր հստակեցրել, թե ինչ են իրենցից ներկայացնելու այդ տեխնոլոգիաները, սակայն նշել էր, որ կառավարության խորհրդակցություններին արդեն վաղուց արգելված է օգտվել բջջայիններից:

Ֆրանսիան ու Գերմանիան հանդես են եկել մինչև տարվա վերջ ԱՄՆ-ի հետ երկկողմ բանակցություններ իրականացնելու նախաձեռնությամբ` կարգավորելու տարաձայնությունները, որ ծագել են` պայմանավորված ամերիկյան հատուկ ծառայությունների`ԵՄ առանձին պետությունների նկատմամբ իրականացրած մասշտաբային լրտեսության մասին տեղեկություններով:

Հիշեցնենք, որ ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից եվրոպական երկրների քաղաքացիներին և առաջնորդներին, մասնավորապես` Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելին գաղտնալսելու շուրջ սկանդալը բորբոքվեց վերջերս` եվրոպական լրատվամիջոցների` ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տրամադրած փաստաթղթերի վրա հիմնված հրապարակումների ֆոնին: Համաձայն այդ տեղեկությունների` ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները ընդհանուր գաղտնալսել են աշխարհի 35 տարբեր պետությունների առաջնորդների:

Նախօրեին Սպիտակ տունը հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում սահմանել հետախուզական տվյալների հավաքագրման լրացուցիչ սահմանափակումներ:

Մեկնաբանել