Հոկտեմբերի 31-ին թուրքական մեջլիսում պատմական իրադարձություն է տեղի ունեցել: Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում առաջին անգամ գլխաշորով կինը մտել է Թուրքիայի Ազգային մեծ ժողով: Նա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Նուրջան Դալբուլդաքն է:
Վերջինիս հետևել են գլխաշորով ևս երկու կին պատգամավորներ: Այժմ հետաքրքրությամբ սպասվում է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության արձագանքը, որը սպառնացել էր թույլ չտալ գլխաշոր կապած կանանց մտնել մեջլիս:
Սպառնալիքներին ի պատասխան՝ Դալբուլդաքը պատասխանել էր, որ դա իր սահմանադրական իրավունքն է, որից ինքը մտադիր է օգտվել:
Կին պատգամավորները գլխաշորով մեջլիս մտնելու թույլտվություն են ստացել բոլորովին վերջերս՝ Էրդողանի հրապարակած բարեփոխումների ծրագրի հրապարակումից հետո: