Սիրիան ոչնչացրել է քիմիական զենքի արտադրության սարքավորումները

Սիրիան ոչնչացրել է քիմիական զենքի արտադրության համար անհրաժեշտ հայտարարագրված բոլոր սարքավորումները, խոստովանել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը:

Քիմիական զենքի զինաթափման առաջին փուլը Դամասկոսն ավարտել է սահմանված ժամկետից (նոյեմբերի 1) մեկ օր շուտ:

Հենց քիմիական թունավոր նյութերի կամ ավելի հաճախ` դրանց քիմիական բաղադրիչների պաշարների ոչնչացումը պետք է ավարտվի մինչև 2014թ. կեսը: Համարվում է, որ Սիրիայի քիմիական զինանոցը ներառում է ավելի քան 1000 տ մարտական քիմիական նյութեր, որոնք պահվում են ռազմական տասնյակ օբյեկտներում։

Քիմիական զենքի արգելման կազմակերպության տարածած հաղորդագրությունում ասված է, որ տեսուչները Սիրիայում այցելել են 23 օբյեկտից 21-ը և համոզվել են, որ արկերի և թունավոր նյութերի գործարանները կա´մ ոչնչացվել են, կա´մ շարքից հանվել են:

Մնացած երկու օբյեկտները չափազանց վտանգավոր են տեսչություն անցկացնելու համար, ասված է փաստաթղթում, սակայն սարքավորումները դրանցից դուրս են բերվել և ստուգվել են Քիմիական զենքի արգելման կազմակերպության մասնագետների կողմից:

Հիշեցնենք, որ Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2 մլն սիրիացի, ևս 4 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։

ԱՄՆ-ը Ասադի ուժերին մեղադրում է Դամասկոսի արևելյան արվարձանում՝ Ղուտայում, օգոստոսի 21-ին գազային հարձակման ընթացքում 1429 մարդու սպանության մեջ։ Սիրիայի նախագահն այս մեղադրանքները հերքում է:

ՄԱԿ-ը սեպտեմբերի 16-ին ներկայացրեց իր փորձագետների պատրաստած զեկույցը, որում հաստատեց Սիրիայում քիմիական զենքի կիրառման փաստը՝ միաժամանակ չհստակեցնելով, թե հակամարտության կողմերից որն է պատասխանատու դրա համար։

Սիրիական քիմիական զենքի ոչնչացման մասին պայմանավորվածությունը սեպտեմբերի կեսին ձեռք բերեցին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Մեկնաբանել