Տեր-Պետրոսյանի հոդվածի շուրջ

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հոկտեմբերի 30-ին հրապարակած հոդվածով հիմնավորեց Սերժ Սարգսյանի հրաժարականի հիմքերը՝ նշելով, որ նա ունակ չէ որևէ օգտակար գործ կատարել Հայաստանի և Արցախի համար, և նրա հրաժարականն այլընտրանք չունի:

Տեր-Պետրոսյանը Հայաստանի քաղաքական դաշտում այն եզակի գործիչներից է, որը քաղաքական մտածողության կրող է, և նրա ելույթներն ու հայտարարությունները հիմնականում ծարգրային ու քաղաքական բովանդակություն ունեն: Այլ խնդիր է, որ կարելի է դրանց հետ համաձայնել կամ չհամաձայնել:

Վերջին հայտարարությունը ևս ծրագրային-քաղաքական բովանդակություն ուներ, այն ըստ էության երկրում համակարգային փոփոխություններ անցկացնելու ճանապարհային քարտեզ է:

Սակայն հասարակական-քաղաքական դաշտի ներկայացուցիչների արաձագանքները հիմնականում դուրս են գալիս ադեկվատության շրջանակից: Իշախանության ներկայացուցիչները Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը պատասխանեցին բացառապես վիրավորանքի ու բամբասանքի լեզվով: Այդ նույն իշխանությունը ամեն ինչ արել է, որ Հայաստանում քաղաքական դաշտը վերածվի կենցաղային ու ցածր մակարդակի վեճերով ու գզվռտոցով լեցուն գաղջ միջավայրի: Իսկ այդ միջավայրում քաղաքական-ծրագրային բանավեճ բացառված է: Գործող իշխանությունը քաղաքական միջավայրում գոյատևելու ռեսուրս ու կարողություն չունի, այդ իսկ պատճառով Տեր-Պետրոսյանի ծրագրային քննադատությանը պատասխանում է հայհոյախառն բամբասանքներով: Այլապես իշխանության ներկայացուցիչները կարող էին հանդես գալ պատասխան հայտարարությամբ և հիմնավորեին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը անհիմն է դնում Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը: Սակայն հայոհախառն պատասխաններն ու գոռգոռոցները միայն հուշում են այն մասին, որ իշխանությունը որևէ հակափաստարկ չունի Տեր-Պետրոսյանի հայտարարությանը:

Մյուս կողմից ոչ իշխանական հատվածում համակարգային փոփոխությունների քարոզիչները ևս չարաձագանքեցին Լևոն Տեր-Պետրոսյանին, ինչը տարօրինակ է: Տարատեսակ, շատ դեպքերում կասկածելի պայքարների մեջ նրգրավված հատվածը, որը խոսում է երկրում համակարգային փոփոխությունների անհրաժեշտության մասին, պետք է որ ինչ-որ կերպ արձագանքներ: Ի վերջո քաղաքական-հասարակական դաշտի ներկայացուցիչների արձագանքներով ու դիրքորոշմամբ է այս կամ այն խնդիրը մտնում քաղաքական օրակարգ: Տպավորություն է, որ ոչ հրատապ խնդիրների ակտիվացմամբ փորձ է արվում հանրության ուշադրությունը շեղել Տեր-Պետորսյանի հայտարարությունից:

Եթե համաձայն չեն, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը այլընտրանք չունի, ապա համակարգային բարեփոխումների ջատագովները պետք է հիմնավորեն, որ օրինակ՝ հնարավոր է Սերժ Սարգսյանի նախագահության ներքո Հայաստանում արմատական բարեփոխումներ անել կամ բոլորովին ուրիշ այլընտրանք առաջարկել:

Դերենիկ Մալխասյան

Մեկնաբանել