Գազի պարտքը մարելու պահանջը ԵՄ-Ուկրաինա հարաբերությունների հետ կապ չունի. Մեդվեդև

«Նավթոգազ Ուկրաինային» ռուսական «Գազպրոմի» ներկայացրած` գազի պարտքը մարելու պահանջը կապված չէ Ուկրաինայի` ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիր կնքելու մտադրության հետ, ասել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Reuters գործակալության հետ զրույցում:

Հոկտեմբերի 29-ին ռուսական գազային հսկա «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, որ Ուկրաինան մինչ այժմ չի վճարել գազի` օգոստոսին իրականացված մատակարարումների պարտքը` $882 մլն, թեև վճարման ժամկետը լրացել է դեռ հոկտեմբերի 1-ին: Մեդվեդևը նախազգուշացրել է, որ պարտքը չմարելու դեպքում Ռուսաստանը պատրաստ է կանխավճարի համակարգ սահմանել:

«Այստեղ որևէ կապ չկա: Վճարել պետք է անկախ այն բանից, թե որտեղ է գտնվում երկիրը` մոտ Մաքսային միությա՞նը, թե՞ Եվրամիությանը, մտնու՞մ է ՆԱՏՕ-ի մեջ կամ չի մտնում: Պետք է վճարել: Դա ընդունված պրակտիկա է ամբողջ աշխարհում, և որևէ առնչություն չունի այն բանի հետ, թե ինչ են մտադիր անել ուկրաինացի մեր գործընկերները Եվրամիության հետ», – ասել է Մեդվեդևը:

Ուկրաինան մտադիր է նոյեմբերի վերջին ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրել, որի մաս է կազմում ազատ առևտրի վերաբերյալ դրույթը: Ռուսաստանն իր հերթին Կիևին առաջարկում է մտնել Մաքսային միություն` մտավախություն ունենալով ԵՄ հետ ասոցացման դեպքում Ուկրաինա եվրոպական էժան ապրանքների ներմուծումից: Ռուսաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ նման իրավիճակում ստիպված կլինեն պաշտպանական միջոցների դիմել, ինչը ռուսական շուկան կփակի նաև ուկրաինական ապրանքների համար:

«Եթե նրանք այդ ճանապարհն են ընտրել, թող գնան այդ ուղիով, շատ ենք նրանց այդ մասին ասել: Դա Ուկրաինայի ինքնիշխան իրավունքն է, սակայն հետո թող չափսոսեն, որ չեն ստանում այն շահութաբաժիններն ու արտոնությունները, որոնք ստանալու ակնկալիք ունեն, և միաժամանակ կզրկվեն այն առավելություններից, որոնք կան, քանի որ, անկեղծ ասած, ներկայում նրանց հետ մեր հարաբերությունները հատուկ են, բացառիկ», – ասել է ՌԴ վարչապետը:

Մեկնաբանել