2 նոյեմբեր, 2013 22:21

Սերժ Սարգսյանի հրաժարականի հիմնավորումն ու քաղաքական օրակարգը

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հոկտեմբերի 30-ի հոդվածով, որով ութ կետերով հիմնավորում է գործող նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի անհրաժեշտությունը, քաղաքական ու լրատվական դաշտում յուրահատուկ սանիտարի գործառույթ իրականացրեց: Ջախջախիչ պատասխան հոդվածով հանդես գալ իշխանությունը պարզապես ի վիճակի չէր: Անհնար կլիներ, ասենք, գրավոր տեքստով հիմնավորված հակափաստարկներ ներկայացնել Տեր-Պետրոսյանի ութ կետերին: Հետևաբար պետք էր այնպես անել, որ հոդվածի դրույթները քննարկման առարկա չդառնան հանրության լայն խավերի մոտ և ընդհանրապես քաղաքական-լրատվական դաշտում դրանք «չեփվեն», մոռացության մատնվեն:

Նախ՝ իշխանությունն իր անմիջական և միջնորդավորված վերահսկողության տակ պահվող, «ընդդիմադիր», «անկախ», «օբյեկտիվ» և «ազատ» էլեկտրոնային և հեռուստատեսային ԶԼՄ-ների միջոցով արգելափակեց Տեր-Պետրոսյանի հոդվածի այսպես ասած «տիրաժավորումը»: Հոկտեմբերի 31-ին լույս տեսած հայկական տպագիր մամուլի մեծ մասի առաջին էջերը հնարավորինս մաքրազերծված էին առաջին նախագահի ութ դրույթներից: Կարելի է ասել՝ խմբագրական ճաշակի հարց է, սակայն Տեր-Պետրոսյանի մասշտաբի քաղաքական գործիչները Հայաստանում եզակի բացառություններ են, որոնք ամեն օր չէ, որ քաղաքական հայտարարություններ են անում: Հետևապես տպագիր մամուլի առաջին էջերը այդ դեպքերում խնայելը, մեղմ ասած՝ տարօրինակ զուգադիպությունների շարքից է:

Հեռուստատեսությունների պարագայում կարելի է ասել՝ ինքնըստինքյան ամեն ինչ հասկանալի է, մեկնաբանելու կարիք չկա: Իսկ ահա ինտերնետ տիրույթում, որտեղ տեղեկատվությունն արգելափակելը դժվար գործ է, իշխանական քարոզչամեքենան ավելի ստեղծագործ մոտեցում ցուցաբերեց: Կրկին հնարավորինս սահմանափակեցին առաջին նախագահի կողմից Սերժ Սարգսյանի հրաժարականի հիմնավորման տարածումը: Օրինակ, լրատվական վերլուծական կայքեր կան, որոնք գրեթե յուրաքանչյուր հայտարարության կամ իրադարձության վերաբերյալ առնվազն մի քանի վերլուծություն են հրապարակում, սակայն Տեր-Պետրոսյանի հոդվածի վերաբերյալ ընդամենը մեկ-երկու հոդված եղավ՝ այն էլ բարձրաձայնված խնդրի էական խեղաթյուրումներով:

Մյուս կողմից՝ որոշ վերլուծաբաններ սկսեցին հարցազրույցներ տալ հետևյալ շեշտադրումներով. «Սերժ Սարսգայնի հրաժարականով ոչինչ չի փոխվի, համակարգն է պետք փոխել: Ճիշտ է, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա, սակայն չկա այդ մեկը, որ կզբաղեցնի նախագահի աթոռը ու գործողից լավը կլինի և կկարողանա համակարգ փոխել»: Կամ՝ «միշտ էլ պահանջել են գործող նախագահի հրաժարականը, բայց նա հրաժարական չի տա, հրաժարականի պահանջն ակտուալ չէ»:

Այսպիսի հիմնավորումները ուղղակի փորձ են Սերժ Սարգսյանի հրաժարականի խնդիրը դուրս բերել քաղաքական օրակարգից՝ միաժամանակ այդպիսի պահանջ ձևակերպողներին մեղադրել քաղաքական անհեռատեսության մեջ:

Դժվար է ասել, թե նման եզրահանգումներ անող վերլուծաբանները ինչքանով են օգտվում իշխանության բարիքներից, սակայն ակնհայտ է, որ նրանց եզրահանգումները բխում են բացառապես գործող իշխանության շահերից:

Եթե այս ամենին գումարում ենք նաև քաղաքական-հասարակական տարատեսակ շոու-ներկայացումների ինտենսիվացումը վերջին օրերին, ապա ակնհայտ է դառնում, որ իշխանությունը առավել քան զուգշանում է Սերժ Սարգսյանի հրաժարականի խնդիրը քաղաքական օրակարգում հայտնվելուց:

 Դերենիկ Մալխասյան

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

 

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: