Աջափնյակում բացվել է սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը

Նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել Աջափնյակի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի հանդիսավոր բացումը: Ինչպես հաղորդում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, կառույցի բացումը կատարել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Համաձայն քաղաքապետարանի հաղորդագրության` նմանատիպ կենտրոնների ձևավորումը նպատակ ունի մեկ տանիքի տակ կենտրոնացնել սոցիալական տարբեր ծառայությունների մատուցումը, ինչը հնարավորություն կտա մեկ պատուհանի սկզբունքով սպասարկել քաղաքացիներին:

Տարոն Մարգարյանն ու Արտեմ Ասատրյանը շրջել են շենքում և ծանոթացել ստեղծված պայմաններին: Օգտվելով առիթից՝ քաղաքապետը շնորհավորել է կենտրոնի աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ: Արտեմ Ասատրյանը նշել է, որ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների ստեղծումը կնպաստի նոր որակի ծառայությունների տրամադրմանը:

Աջափնյակի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը 6-րդն է Երևանում: Պատասխանատուների հավաստմամբ՝ առաջիկա մի քանի տարիների ընթացքում նման կենտրոններ կձևավորվեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:

Մեկնաբանել