Ղարաբաղյան know-how՝ անմիջական ժողովրդավարություն

Իմ նախորդ հոդվածում գրել էի ուռճացված պետական կառավարման համակարգի, մրցակցության բացակայության ու տնտեսական մենաշնորհների մասին։ Սակայն սրանք ածանցյալ են քաղաքական դաշտի իրողություններից, դաշտ, որտեղ բազմազանություն չկա։ Իսկ սովորաբար, երբ քաղաքական դաշտում բազմազանություն չի լինում, բազմազանություն չի լինում նաև տնտեսական, տեղեկատվական և ցանկացած այլ ոլորտում։ Բայց ինչո՞ւ չկա բազմազանություն քաղաքական դաշտում. չէ՞ որ Արցախում ընդունված է խոսել աննախադեպ ժողովրդավարության մասին։

Այո, արցախյան իշխանություններն ու նրանց արբանյակներն օրնիբուն խոսում են ժողովրդավարության մասին, և ամենահետաքրքիրն այն է, որ վերջին ժամանակներս ոչ միայն առաջվա պես նրանց գործունեությունը չի համապատասխանում ասված խոսքերին, այլև խոսքերն են սկսել փոխվել, ինչը ևս մի նոր միտում է: Արցախյան իշխանությունները ժողովրդավարության մասին սկսել են խոսել ավտորիտար հոգեբանությամբ ու եզրաբանությամբ: Վերջին ժամանակներս նրանց հարցազրույցների ու հայտարարությունների առանցքն անհատն է (նախագահը) ու անհատի (նախագահի) դերը:

Մինչդեռ ժողովրդավարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ իշխանությունների գործունեության հանրային վերահսկողություն, երբ ժողովուրդն իր ընտրած մարմինների ու կառույցների միջոցով ներազդում և ուղղորդում է իշխանությունների գործունեությունը, երբ իշխանության ճյուղերը տարանջատված են, իմա` երբ առկա են հակակշիռների ու զսպումների մեխանիզմներ, որոնց պարագայում անհատները (ղեկավարները) գալիս ու գնում են, իսկ մեխանիզմները մնում են:

Բայց Արցախում միանգամայն այլ մթնոլորտ է: Արցախյան անմեխանիզմ ու ոչ կառուցակարգային ժողովրդավարության առանցքը երկրի ղեկավարն է: Անցյալ տարի կայացած հերթական նախագահական ընտրությունների նախօրեին երևանյան լրատվամիջոցներից մեկում պատվիրված մի հոդվածում այս մոդելը հստակ ձևակերպում է ստացել: Ահա մի փոքրիկ մեջբերում այդ գլուխգործոցից.

«Այստեղ հարց է առաջանում. եթե երկիրը ժողովրդավարական է, ապա ինչո՞ւ լուրջ ընդդիմություն չկա: Չկա լուրջ ընդդիմություն և դա փաստ է, որովհետև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստեղծել է այնպիսի մի իրավիճակ, որ նա երկրի և՛ իշխանության, և՛ ընդդիմության ղեկավարն է: Ինչո՞ւ նաև ընդդիմության ղեկավարը… որովհետև երբ հետևում ես նրա գործունեությանը, ակներև է դառնում, որ նա բավականին հետաքրքիր գործելաոճ է ընտրել: Բակո Սահակյանն ինքը ուսումնասիրում է այն բոլոր խնդիրները, որոնք կան պետության ներսում, ընդդիմության փոխարեն բարձրաձայնում է դրանց մասին և լուծում դրանք: Ոչ թե պետությունը փորձում է խոչընդոտել կամ ճնշում է ընդդիմադիր զանգվածին կամ ընդդիմադիր դեմքերին, այլ հասկանալով, որ գտնվում է առաջին գծում և պատերազմի վտանգի առջև է, իր վրա է վերցրել նաև ընդդիմադիրի գործառույթը և բարձրացնելով ու վեր հանելով առկա խնդիրները, դրանց լուծում է տալիս»: (www.slaq.am/arm/news/64182)

Այսպիսով, նախագահը և՛ իշխանություն է, և՛ ընդդիմություն, և՛ դատական համակարգ է, և՛ կառավարություն, և՛ իրավապահ մարմին, և՛ ներկայացուցչական մարմին, և՛ մարդու իրավունքների պաշտպան, և՛… Ու նրա անունն է` արցախյան ժողովրդավարություն: Պատահական չէ, որ նախագահական ընտրությունների ժամանակ Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկում` ԱԳՆ շենքի մոտ, կախված էր մեծ ցուցապաստառ, որն ազդարարում էր. «ԼՂՀ նախագահը մեր իրավունքների երաշխավորն է»: Ուշադրություն դարձրեք` նախագահը, այլ ոչ թե Սահմանադրությունը: Նախագահի աշխատանքային օրերին մարդու իրավունքների պաշտպանության ներկայիս անմխիթար վիճակը թույլ է տալիս պատկերացնել, թե ինչ կլինի, երբ նախագահն, ասենք, արձակուրդում լինի: Բացի դրանից՝ եթե նախագահն է ամեն ինչ որոշում, ապա ի՞նչ իմաստ ունի հսկայական ծախսերով պետական կառավարման ուռճացած համակարգ պահել:

Արցախի իշխանությունները միամիտ չեն և քաջ հասկանում են, որ այս ժողովրդավարությունը բացարձակապես ընդհանուր ոչինչ չունի դասական ժողովրդավարության հետ: Ուստի պիտի ինչ-որ կերպ հիմնավորեն այս նոր երևույթը, ինչ-որ անուն տան դրան: Ու տվեցին` անմիջական ժողովրդավարություն:

Այն առաջին անգամ հստակ ձևակերպեց ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը մեկուկես տարի առաջ. «Ընդհանուր առմամբ շատ են խոսում, որ Արցախում չկա ժողովրդավարություն: Մեր իշխանություններն առաջնորդվում են ժողովրդավարության այնպիսի սկզբունքներով, որով աշխարհում երևի որևէ տեղ չեն առաջնորդվում: Իշխանությունների կապը ժողովրդի հետ անմիջական է: Չեմ ուզում համեմատել, բայց նախագահի կամ իշխանավորների այցելությունները պրոտոկոլային բնույթ չեն կրում, որ մասնակիցների հարցերը նախապես պատրաստված լինեն: Երկրի ցանկացած քաղաքացի իր տեսակետն է արտահայտում ցանկացած երևույթի մասին: Ցանկացած անձնական հարց կարողանում է բարձրացնել նախագահի և կառավարության անդամների մոտ: Տեղյակ եմ ցանկացած գյուղի ցանկացած խնդրից: Այսինքն` ժողովրդավարությունն այդպիսին է մեզ մոտ: Նաև այսպիսի բան կա. երբ փորձում են ինչ-որ մեկի նկատմամբ անարդարություն անել, ղարաբաղցու առաջին «ուգրոզան» լինում է հետևյալը. «Գնալու ենք նախագահի մոտ»: Սրանով յուրաքանչյուր պաշտոնյա զգաստանում է՝ իմանալով, որ խնդիրները հասնելու են նախագահին: Սա ժողովրդավարության ամենալայն արտահայտումն է: Մարդիկ դիմում են վարչապետին ու նախագահին ցանկացած հարցով, ընդհուպ մինչև նեղ կենցաղային»։

Լավ, իսկ ինչպե՞ս է ժողովրդի ձայնը հասնում իշխանությանը: Խոսքի ազատության մասին կարելի է խոսել մեծ վերապահումով, քանի որ Արցախում չի կայացել անկախ մամուլի ինստիտուտը, երկրում գերիշխողը պետական լրատվամիջոցներն են, որոնք փակ են իշխանականից զատ այլ կարծիքի համար: Ուրեմն ի՞նչ պիտի անի ժողովուրդն իր ձայնը տեղ հասցնելու համար: Պիտի վեր կենա ու գա նախագահական նստավայրի առաջ: Ի դեպ, մի տարի առաջ այդպես էլ արել են Սոս գյուղի բնակիչները` գրեթե ամբողջ գյուղով հասնելով նշված վայրը: Բայց նախագահը չի ընդունել նրանց, քանի որ զբաղված էր: Ճիշտ է, հետո նախագահը գնացել է այդ գյուղը, բայց փաստը մնում է փաստ` գյուղը եկել-հասել էր նախագահական նստավայր, բայց ընդունելության չէր արժանացել, ասել է թե` ժողովուրդը չէ որոշողը, թե իր ձայնը երբ կարող է տեղ հասնել:

Զավեշտն այն է, որ նախագահն իրո՛ք չի կարող զբաղվել բոլոր հարցերով` դրա համար հատուկ կառույցներ ու մարմիններ կան: Ասում են` նախընտրական վերջին արշավի ժամանակ բնակավայրերից մեկում ընտրողների հետ հանդիպմանը Բակո Սահակյանն անկեղծորեն սրտնեղել էր, որ մարդիկ իրենց բողոքներով չեն թողնում աշխատել:

Այսինքն` գործնականում իշխանություններն իրենք էլ են կրակն ընկել իրենց անմիջական ժողովրդավարության ձեռը:

Մեկնաբանել