Մոսկվայում և ՌԴ այլ քաղաքներում ազգայնականների «Ռուսական երթեր» են անցկացվել

Ռուսաստանի մի շարք խոշոր քաղաքներում նոյեմբերի 4-ին` ՌԴ-ում Ժողովրդական միասնության օրը, տեղի են ունեցել «Ռուսական երթեր»` ազգայնականների ակցիաներ, որոնց գլխավոր պահանջը իշխանություններից եղել է երկիր ներգաղթյալների անվերահսկելիորեն աճող հոսքը դադարեցնելը:

Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, ամենախոշոր ցույցը տեղի է ունեցել Մոսկվայի Լյուբլինո թաղամասում: Ըստ ՌԴ ոստիկանության`դրան մասնակցել է 8 հազ. մարդ, կազմակերպիչների տվյալներով` 20 հազ. մարդ:

Մոսկվայում երթի ընթացքում ձերբակալվել է 30 մարդ: Համաձայն ոստիկանության` ձերբակալությունների պատճառ են եղել դիմակներ կրելը, նացիստական կարգախոսները և խորհրդանիշները: Կազմակերպիչները վստահեցնում են,որ իրավապահ մարմինները ծայրահեղական են համարել իրենց դուր չեկած ցանկացած կարգախոս:

Սա առաջին տարին չէ, որ Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում նոյեմբերի 4-ին անցկացվում են «Ռուսական երթեր»: Սակայն այս տարի ակցիաների անցկացումն ուշագրավ էր Մոսկվայի Բիրյուլևո թաղամասում հոկտեմբերի 13-ին տեղի ունեցած դեպքերի ֆոնին, որոնցից հետո ռուսական հասարակությունում ազգայնական տրամադրությունների փոռթկում տեղի ունեցավ:

Հիշեցնենք, որ լույս հոկտեմբերի 10-ին Արևմտյան Բիրյուլևո թաղամասում անհայտ անձը սպանել էր 25-ամյա Եգոր Շերբակովին և փախուստի էր դիմել։ Թաղամասի բնակիչները հոկտեմբերի 13-ին հավաքվել էին՝ պահանջելու սպանության անհապաղ հետաքննություն։ Բիրյուլևոյի բնակիչների «ժողովրդական հավաքը» վերածվել էր անկարգությունների։

Շերբակովի սպանության գործով մեղադրվում է ծագումով ադրբեջանցի Օրհան Զեյնալովը, որը ձերբակալվել է հոկտեմբերի 15-ին։

Մեկնաբանել