Կոռուպցիան և կոռուպցիան

Օրերս մամուլում հրապարակումներ եղան, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը Մոսկվա և Բրյուսել այցեր իրականացնելու համար վարձակալել է «Էյր Արմենիա» ավիաընկերության օդանավը և պետական բյուջեից ծախսել մոտ 130 հազար դոլար: Այս երկու չվերթներն իրականացրել է նորաստեղծ «էյր Արմենիա» ավիաընկերությունը, որը պատկանում է վարչապետի կուսակից, արդարադատության նախկին նախարար, ներկայում պատգամավոր Դավիթ Հարությունյանի եղբորը:

Խնդիրը երկու հարթություն ունի:

Նախ, որքանով է բարոյական, որ 35 տոկոս աղքատություն ունեցող երկրի վարչապետը իրեն նման շռայլություն է թույլ տալիս հարկատուների գրպանից: Խնդրի երկրորդ հարթությունը ավելի կարևոր է, այն կապված է պետական կոռուպցիայի հետ:

Կարելի է վստահ լինել, որ թղթաբանության հետ ամեն ինչ կարգին է, դրանցում Դավիթ Հարությունյանը «փաս» է։ Սակայն «փասին» հավատալը մի քիչ դժվար է: Տարօրինակ զուգադիպությամբ Հայաստանում այնպես է ստացվում, որ եկամտաբեր բիզնեսները առնչվում են այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյային կամ նրա բարեկամներին: Միշտ գոյություն ունի անմեղության կանխավարկած, սակայն փաստերի համադրումը խոսում է այն մասին, որ պետական միջոցներով խթանվում է հանրապետական պատգամավորի բիզնեսը:

Այսպիսի իրավիճակները եզակի չեն հայ իրականության մեջ: Նախօրեին հայտնի դարձավ, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի անվան հետ կապվող «Յուքոմ» ընկերությունը ներխուժում է բջջային կապի ոլորտ. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) միաձայն հավանություն է տվել «Յուքոմ»-ին բջջային հեռախոսակապի շուկա մտնել: Այսինքն՝ ՊԵԿ ղեկավարի ընկերությունը մտնում է մի ոլորտ, որը Հայաստանում ստվերից դուրս գործող և խիստ մրցակցային հազվագյուտ ոլորտներից է: Կմնա՞ արդյոք այդ ոլորտը մրցակցային. լավատեսությունը շատ չէ:

Գագիկ Խաչատրյանը կամ նրա հարազատները խոշոր ներկրողներ են: Որքանով է բարոյական և օրինական, երբ պետական բարձրաստիճան պաշտոնյան և նրա հարազատները զբաղվում են իրենց տիրույթում կարգավորվող բիզնեսով:

Կարելի չկասկածել, որ պետական բարձրաստիճան պաշտոնյանների բիզնես հետաքրքրությունների մասին տեղյալ են քաղաքական բարձրագույն իշխանությունները, իսկ եթե տեղյակ են ու կանաչ լույս են վառում այդպիսի պաշտոնյաների առաջ, ապա դա հաստատ չի արվում բիզնես հետաքրքրություններ ունեցող պաշոտնյաների գեղեցիկ աչքերի համար:

Դերենիկ Մալխասյան

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի