6 նոյեմբեր, 2013 19:23

Շանթարձակ ոստիկանություն

Նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանի նախաձեռնած «հեղափոխության» և Մաշտոցի պողոտայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումների ժամանակ խիստ ուշագրավ էին ոստիկանության գործողությունները:

Թե ինչպես է պատկերացնում հեղափոխությունը Շանթ Հարությունյանը, որքան են նրա պատկերացումները համարժեք իրականությանը և անկեղծ, այլ խնդիր է: Փաստացի ունենք իրավիճակ, երբ խոստացված հեղափոխությունը տևեց ընդամենը մի քանի րոպե և ավարտվեց Մաշտոցի պողոտայում ոստիկանության հետ բախումներով, մի քանի տասնյակ քաղաքացիների ձերբակալությամբ, ութ  ոստիկանների մարմնական վնասվածքներով: Շանթ Հարությունյանի որդեգրած մարտավարությունը սկզբիցևեթ հուշում էր, որ այն բախումնավտանգ է և ոչ մի տեղ չտանող:

Այս համատքեստում ապշեցուցիչ էր ոստիակնների վարքագիծը: Նրանք կարծես միտումնավոր հասունացնում էին մ իրավիճակ, որի դեպքում ոստիկանության ու ցուցարաների բախումը անխուսափելի կդառնար: Երթը սկսելուց առաջ Ազատության հրապարակում Շանթ Հարությունյանը Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի ներկայությամբ բառացիորեն հայտարարեց. «Ուզում ենք, որ մենք եթանք, նախագահականը գրավենք: Բենզինի շշերը վեկալենք՝ նախագահականը, ԿԳԲ-ի շենքը, ոստիկանության շենքը, դատախազության շենքը, Սահմանադրական դատարանը գրավենք [...], և  մենք բացի բենզինի շշից, քարից, փայտից ու ռագատկից, մեկ էլ մարգանցովկա բրոնզից, ուրիշ զենք հլը որ չենք վեկալել»:

Պարզ տրամաբանությունը հուշում է, որ այս հայտարարությունից հետո Վալերի Օսիպյանը պետք է առնվազն հրահանգեր չեզոքացնել Շանթ Հարությունյանին և առգարավել իրեղեն ապացույց համարվող «զենք-զինամթերքը»՝ հնարավոր բռնություններից և զանգվածային անկարգություններից խուսափելու համար: Հազիվ թե փայտե մահակներով ու պայթուցիկներով զինված երթը դեպի նախագահական խաղաղ բնույթ ունենար: Ավելին, հնարավոր չէ, որ ոստիկանությունը տեղյակ չլիներ, որ նույն Շանթ Հարությունյանը 2008թ. ձերբակալվել է և նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով («Զանգվածային անկարգությունների կազմակերպում»), իսկ քրեական գործը կարճվել է այն հիմնավորմամբ, որ նա ըստ առողջապահության նախարարության փորձագետների՝ հանցանքը կատարելու պահին անմեղսունակ է եղել:

Այս ամենով հանդերձ՝ Վալերի Օսիպյանը գերադասեց չմիջամտել և թույլ տալ, որ Շանթ Հարությունյանն իր կողմնակիցներով շարժվի նախագահական նստավայրի ուղղությամբ: Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ նրանք հորդորել են Շանթ Հարությունյանին «զերծ մնալ հակաիրավական վարքագիծ դրսևորելուց»...  ու միայն այդքանը: Հորդորներով փաստացի փորձ է արվել զանգվածային անկարգություններ կանխել: Մի փոքր տարօրինակ և ոչ արդյունավետ մեղմություն է ոստիկանության կողմից:

Ստացվում է, որ Վալերի Օսիպյանն իր անգործությամբ սադրել է ոստիկանության և ցուցարարների միջև բախումները և լեգիտիմացրել ոստիկանության կողմից ուժի կիրառումը:

Ոստիկանությունն ի սկզբանե թերացել է իր հիմնական գործառույթներից մեկում՝ հանցագործությունը կամ հակաիրավական քայլերը կանխարգելելու գործում: Ի վերջո, ոստիկանությունը ոչ միայն դիակ հավաքող, պոստ ֆակտում հանցագործություն արձանագրող և պատժող մարմին է, այլ առաջին հերթին՝ հնարավոր անօրինականությունները կանխարգելող:

Ոստիկանության այս բացթողումը կարելի է վերագրել ոչ թե պրոֆեսիոնալիզմի պակասին, այլ նրան, որ նա ի սկզբանե շահագրգռված է եղել, որ Շանթ Հարությունյանն իր կողմնակիցներով բախվի ոստիկանական ուժերի հետ և արդյունքում ստացվի չկայացած «մինի-հեղափոխություն»:

Թե ինչ պատճառով է ոստիկանությունը սադրել նոյեմբերի 5-ի միջադեպը, այլ խոսակցության թեմա է:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: