Երևանում տեղի է ունեցել հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստը

Երևանում նոյեմբերի 6-ին տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստը:

Ինչպես հաղորդում են տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունից, մինչ նիստի աշխատանքների մեկնարկը, Հայստանի փոխվարչապետ, հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանն ընդունել է Իրաքի Հանրապետության փոխվարչապետ, հանձնաժողովի իրաքյան կողմի համանախագահ Ռոուշ Նուրի Շաուեյսի գլխավորած պատվիրակությանը:

«Մենք ցանկանում ենք, որ հայկական արտադրատեսակները հասանելի լինեն Իրաքի ժողովրդին և, փոխադարձաբար, Իրաքի ապրանքները մեր շուկա հասնեն: Մենք պատրաստ ենք նաև քննարկել տարբեր ներդրումային ծրագրեր, փոխադարձ բարենպաստ պայմաններ ստեղծել երկու երկրների գործարարների համար»,-նշել է Արմեն Գևորգյանը:

Հանդիպումից հետո Գևորգյանի և Շաուեյսի համանախագահությամբ տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստը:

Քննարկվել են ներդրումային, արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության, էներգետիկայի, զբոսաշրջության, մշակույթի, կրթության և գիտության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Արձանագրվել է, որ փոխգործակցության զարգացման մեծ ներուժ է առկա նաև զբոսաշրջության ոլորտում. ընդ որում, կան բոլոր նախադրյալները երկկողմ զբոսաշրջության զարգացման համար: Կողմերը պայմանավորվեցին աջակցել երկու երկրների ոլորտային տնտեսվարող սուբյեկտների, կազմակերպությունների միջև համագործակցության հաստատմանն ու զարգացմանը:

Տնտեսական կապերի հետագա զարգացման, շփումների ակտիվացման համար երկուստեք անհրաժեշտ համարվեց Հայաստանի և Իրաքի միջև ուղիղ օդային հաղորդակցության հաստատումը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ուսումնասիրել Հայաստանից Իրաք թարմ պտուղ-բանջարեղեն, հանքային և խմելու ջրեր, բնական հյութեր և պահածոներ արտահանելու, ինչպես նաև գյուղատնտեսական մթերքների արտադրության համատեղ ձեռնարկություններ հիմնելու և կենդանի ոչխարների, բրդի, ձկների արտահանման հնարավորությունները:

2012թ. երկու երկրների առողջապահական գերատեսչությունների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, և ներկայումս երկկողմ քայլեր են ձեռնարկվում փոխգործակցությունը գործնական հիմքերի վրա դնելու ուղղությամբ: Փոխվարչապետ Գևորգյանը նշել է, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` իրաքցի 10 երեխաներ բուժում կստանան Երևանում: Երեխաներից հինգն առաջիկայում արդեն կժամանեն Հայաստան:

Նիստից հետո Գևորգյանն ու Շաուեյսն այցելել են “Երևան Էքսպո” կենտրոն, որտեղ բացվել է “Արտահանվող հայկական ապրանքներ” խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսին մասնակցում են շինարարական նյութերի արտադրության, շինարարության, թանկարժեք զարդերի և քարերի, սննդի արդյունաբերության, ճշգրիտ մեքենաշինության, դեղագործության և թեթև արդյունաբերության ոլորտներում արտահանման ներուժ ունեցող շուրջ 75 հայկական կազմակերպություններ:

Նիստի արդյունքներով հանձնաժողովի համանախագահների կողմից ստորագրվել է երկրորդ նիստի արձանագրությունը: Կողմերի միջև ստորագրվել է նաև “Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրաքի Հանրապետության կառավարության միջև տնտեսական, առևտրային, գիտական և տեխնիկական համագործակցության մասին” համաձայնագիրը:

Իրաքի փոխվարչապետի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված պաշտոնյաներն այցի ընթացքում առանձին հանդիպումներ կունենան հայաստանցի գործընկերների հետ: