Նոր նշանակումներ և կադրային փոփոխություններ` դատախազության համակարգում

Շիրակի մարզի դատախազ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Րաֆֆի Ասլանյանը` ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի պաշտոնից: Այս մասին հաղորդում են դատախազության մամուլի ծառայությունից:

Կոտայքի մարզի դատախազ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Վազգեն Ռշտունին:

Ավելի վաղ` 2013թ. նոյեմբերի 1-ին, իր դիմումի համաձայն դադարեցվել էին Վազգեն Ռշտունու՝ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

Դատախազությունում կատարվել են նաև մի շարք կադրային փոփոխություններ: Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրամանով` արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արտակ Ա.Հարությունյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության վերահսկողական-տեսչական վարչության պետ` ազատվելով գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական վարչության պետի պաշտոնից:

Գլխավոր դատախազի հրամաններով նշանակումներ են կատարվել նաև ՀՀ դատախազության աշխատակազմի կենտրոնական մարմնում:

Դատախազության աշխատակազմի կազմակերպամեթոդական բաժնի պետ է նշանակվել Կարինե Սաֆարյանը`ազատվելով ՀՀ դատախազության աշխատակազմի արարողակարգի, դատախազների սպասարկման և կազմակերպամեթոդական վարչության պետի տեղակալի պաշտոնից:

Դատախազության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման բաժնի պետ է նշանակվել Անդրեյ Աղամալյանը` ազատվելով ՄԻՊ գրասենյակի արագ արձագանքման բաժնի պետի պաշտոնից:

Դատախազության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի պետ է նշանակվել Լիանա Մարկոսյանը` ազատվելով ՀՀ դատախազության աշխատակազմի արարողակարգի, դատախազների սպասարկման և կազմակերպամեթոդական վարչության գլխավոր մասնագետի պաշտոնից:

Հատկանշական է, որ նորանշանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը վերջին շրջանում շարունակաբար կադրային փոփոխություններ է կատարում, որոնք, ըստ դատախազության, հիմանակում պայմանավորված են պաշտոնյաների սեփական ցանկությամբ: Հոկտեմբերի 25-ին դատախազությունը հայտարարություն տարածեց, որում անհիմն որակեց դատախազությունում «կադրային ջարդի» մասին մամուլի հրապարակումները: