Ամեն ինչ բեմի վրա, բեմից դուրս՝ ոչինչ

Շանթ Հարությունյանի կազմակերպած դիմակներով երթի մասնակիցների ու ոստիկանների միջև երեքշաբթի Մաշտոցի պողոտայում բախման ու դրա պատճառահետևանքային կապերի մասին ունեմ իմ հստակ դիրքորոշումը, իմա՝ իշխանությունը մարդկանց հասցրել է անելանելիության դուռը, մի վիճակ, որը դրդում է հուսահատ քայլերի։ Երկրի ներկայիս օրհասական վիճակի փոփոխման ուղղված քաղաքացիական յուրաքանչյուր նախաձեռնություն այս առումով կարելի է հասկանալ։ Միանգամայն համամիտ եմ դեպքերի թարմ հետքերով Արծրուն Պեպանյանի արձագանքին. «Ես էլ իմ մեղքի բաժին ունեմ, որ ներկա իրավիճակից իրավացիորեն դժգոհ, հայրենասեր տղաները, իրավիճակը փոխելու այլ ելք չտեսնելով, գնում են անձնազոհ քայլերի»: Յուրաքանչյուրս, այո՛, մեղքի մեր բաժինն ունենք։ Այնպես որ, Հակոբ Բադալյանի ասած, ակադեմիական հայացքներով կատարվածը դիտարկելը և քննադատելը լավագույն ձևը չէ։ Սակայն այս ամենը, բնականաբար, նաև չպիտի խանգարի կատարվածը սթափ հայացքով գնահատելու և դասեր քաղելու։

Ըստ իս՝ հիմնական դասը հետևյալն է։ Մենք, այո, բոլորս ենք պատասխանատու ներկայիս վիճակի համար։ Սա նշանակում է, որ բոլորս էլ միասին պիտի ելք փնտրենք, ուղղակի պարտավոր ենք միասին դա անել։ Սակայն հայաստանյան քաղաքական մշակույթում չկա միասին ելք փնտրելու ավանդույթ։ Յուրաքանչյուր ոք ինքն է որոշում՝ երբ սկսել հեղափոխությունը, ինչպես և որտեղ։ Շանթն էլ է նույնկերպ վարվել, հայտարարերով. «Ես հոգնել եմ ստրուկ լինելուց և, ուրեմն, ընտրում եմ ազատություններս վերականգնել առանց այլոց հետ համաձայնեցնելու և հենց ՀԻՄԱ»։

Սա արդեն տխուր ավանդույթ է դառնում։ Յուրաքանչյուր ակտիվ քաղաքացի կամ քաղաքական գործիչ պարզապես փաստի առաջ է կանգնեցնում հանրությանը։ Ցավալի է, բայց փաստ՝ հայաստանյան ոչ մի քաղաքական ուժի կամ քաղաքական գործչի հաշվարկներում հանրությունը չկա, ոչ մի քաղաքական ուժ կամ քաղաքական գործիչ հանրությանը մասնակից չի դարձնում որոշումների ընդունմանը:

Չեմ ուզում ոչ մեկի արժանապատվությանը դիպչել, բայց այսպիսի գործելակերպը մի մեծ առավելություն-գայթակղություն ունի՝ այն օրակարգից հանում է առաջնորդի հարցը, որովհետև հանրությանը նաև պարտադրվող առաջնորդի փաստի առաջ են կանգնեցնում։ Իսկ ահա համատեղ որոշում ընդունելիս կամ համաքաղաքացիների հետ խորհրդակցելիս ծագելու է, անպայման ծագելու է առաջնորդի հարցը, ավելին՝ համատեղ որոշման գործընթացն ինքն է երևան հանելու առաջնորդ(ներ)ին։ Ու կարող է պարզվել, որ ոչ թե դու պիտի առաջնորդես, այլ ուրիշ(ներ)ը։ Բայց, կրկնեմ, այս մշակույթը չկա, հանրությանը պարզապես ասվում է՝ ես եմ ու վերջ, գալիս ես՝ արի, չես գալիս՝ մեղքը քո վիզը։ Անհաջողության դեպքում էլ պատրաստի արդարացումը կա՝ դուք ավելի լավ անեիք։

Մինչդեռ համակարգն ուժեղ է, համենայն դեպս այնքանով, որ առանձին անհատներ կամ առանձին նախաձեռնություններ չեն կարող ծնկի բերել նրան։ Մարտահրավեր է նետված ողջ հանրությանը։ Մարտահրավեր, որ հստակ ձևակերպել է նախորդ նախագահը՝ «ու՞ր է այն տղամարդը»։ Մարտահրավերին դիմակայելու հաջողությունը կախված է նրանից, թե ինչպես ենք այն ընկալում։ Գայթակղիչ վեհանձնություն է, իհարկե, դուրս գալ, հասակով մեկ ծառանալ ու ասել՝ ես եմ այդ տղամարդը։ Բայց սա ծուղակ է, լավ պատրաստված ծուղակ։ Ու խնդիրը միայն այն չէ, որ դրանով դու հայտնվում ես թիրախում, այլ այն, որ խաղում ես նրանց կանոններով։ Պատասխանը պիտի լինի այլ արժեհամակարգով՝ քաղաքացիական։ Մարտահրավերը պիտի ընդունի հանրությունը։ Հանրությունն էլ պիտի ձեռնոց նետի իշխանությանը։ Անհատների առաքելությունն էլ, ըստ իս, հավաքական կամքի ձևավորմանը նպաստելը և ուղղորդելն է։

Չեմ կարծում, թե խելամիտ է անհատապես ձեռնոց նետել համակարգին ու նետվել մերօրյա Բաստիլի գրավմանը։ Հիմա ասպետական ժամանակները չեն։ Առաջներում ամոթ էր մի քանի հոգով մեկին ծեծելը, քանի որ հանրությունն անարգանքի սյունին կգամեր «շակալներին»։ Հիմա այլ ժամանակներ ու այլ բարքեր են։ Դուելների ժամանակներն անցել են, հիմա ուղղակի ամոթ է մեկի հետ մենամարտի դուրս գալը։ Իշխանությունների ու իշխանամերձ շրջանակների համար թուլության նշան է համարվում, երբ չես կարողանում ոհմակ հանել մեկի դեմ։ Անգամ եթե ուժդ պատելու է մենամարտում, միևնույն է՝ ոհմակը պիտի հանես։ Որովհետև նրանց համար կարևորը ոչ այնքան հաղթելն է, որքան ուժի ցուցադրումը՝ լկտի ու շվայտ ցուցադրումը։

Հիմա այդ արատավոր արժեհամակարգի պարագայում որքանո՞վ է խելամիտ մենակ դուրս գալու վեհանձնությունն ու անձնազոհությունը։ Այո՛, մեր քաղաքացիական ակտիվիստներից ու քաղաքական գործիչներից ոմանք, այդ թվում միանշանակ Շանթ Հարությունյանը, ունեն անձնվիրության ահռելի պաշար։ Բայց դրա հետ մեկտեղ նրանց եսակենտրոնությունն էլ է ահռելի, ինչն ի չիք է դարձնում նույն այդ անձնվիրության հնարավոր արդյունքն ու ըստ արժանվույն գնահատումը։ Ավելին՝ այդ եսակենտրոնությունն էլ խանգարում է համատեղ որոշումների ընդունմանը, նման որոշումների ընդունման համար համապատասխան հարթակների ձևավորմանը և համապատասխան աշխատանքներ տանելուն։

Կատարվածից հետո կարծիքներ հնչեցին Շանթի հաղթանակի մասին։ Կարելի է, իհարկե, համաձայնել Հակոբ Բադալյանի կարծիքին. «Շանթը ցույց տվեց ամբողջատիրական երկրներում քաղաքական առաջնորդության պարզ օրինակը՝ տեր լինել սեփական խոսքին և գործնականում պատրաստ լինել անձնազոհության: Դա արդեն իսկ քաղաքական գործչի հաղթանակն է»: Համաձայն եմ, քաղաքական գործչի հաղթանակն է, բայց ոչ հանրության ու արդար գործի։ Անհատի հաղթանակն էլ տվյալ պարագայում կարող է միայնումիայն բարոյական հաղթանակ լինել։

Չեմ ուզում ոչ ոքի վիրավորել կամ արժանապատվությանը դիպչել, բայց հստակ տպավորություն է ստեղծվում, որ իշխանությանը մարտահրավեր նետողներից ոչ ոք չի ուզում հաղթել, որ բոլորը նախատրամադրված են պարտության, ավելին՝ վաղուց արդեն պատրաստված ու փորձարկված են պարտության հիմնավորումները։ Շանթն ինքն է խոստովանել, որ բացարձակապես նշանակություն չի տալիս իր հետևից եկող մարդկանց քանակին ու նաև՝ իր հեղափոխության հաղթանակի հավանականությանը: Բայց վաղուց արդեն ժամանակն է դեն նետելու պարտության այս լուսապսակը, մեզ չտալ հոշոտելու, այլ մեզ նվիրաբերել գործին, հաղթական գործին։ Բայց հաղթանակի նկատմամբ ահավոր վախ կա քաղաքական ուժերի ու քաղաքական գործիչների մոտ։ Ու հաղթանակի նկատմամբ անհավատություն։ Մինչդեռ համակարգն ուժեղ է անհատի պայքարի համեմատ, իսկ հանրության մարտահրավերի դիմաց ուղղակի փուչիկ է։

Հաղթելու համար միայն բեմը, միայն թատերականացումը քիչ են։ Մինչդեռ Ազատության հրապարակը վաղուց արդեն դարձել է բեմ, իսկ այնտեղ կատարվող ամեն ինչ՝ թատերական ներկայացում։ Ամեն ինչ բեմի վրա է, և բեմից դուրս ոչինչ չկա: Ամեն ինչ կատարվում է բեմի վրա` հանրության աչքի առաջ: Նույնիսկ կուլիսների ետևում ոչինչ չկա: Մինչդեռ եթե հեղափոխություն է, ապա պիտի լինի ընդհատակ, պետք է նախապատրաստական աշխատանքներ տարվեն, անակնկալներ լինեն։ Բայց, դե, սա լուրջ ու տքնաջան գործ է, առօրյա ու ձանձրալի զբաղմունք, որը պահանջում է մեծ ջանք ու համբերություն։ Մինչդեռ դրա զահլեն ոչ ոք չունի։ Բարիկադի վրա նահատակվելն ավելի ռոմանտիկ է։

Ուզում եմ ճիշտ հասկացվել՝ իմացյալ մահը միշտ չէ, որ անմահություն է։ Այն երբեմն էլ ուղղակի անհամություն է։