9 նոյեմբեր, 2013 17:13

Հայտնի է Վրաստանի նոր ՆԳ նախարարի անունը

Վրաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնը կզբաղեցնի Թբիլիսի քաղաքի գլխավոր վարչության պետ,  ոստիկանության գնդապետ Ալեքսանդր Չիկաիձեն: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը, այս մասին հայտարարել է ՆԳ նախարար Իրակլի Գարիբաշվիլին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Գարիբաշվիլիին իր իրավահաջորդ էր հայտարարել: Վերջինս վարչապետի պաշտոնը կզբաղեցնի Իվանիշվիլիի հրաժարականից հետո:

Չիկաիձեն ծնվել է 1985թ.՝ ոստիկանի ընտանիքում: Մինչև Թբիլիսիի ոստիկանության ղեկավարի պաշտոնը՝ եղել է Կախեթիի ոստիկանության վարչության պետը: