Օլիգարխիան և ազգային ինքնությունը

Հայաստանի ներքաղաքական քննարկումներում մի բաց կա, որը ինչ-որ կերպ պետք է փորձել լրացնել: Ներքաղաքական գործընթացների վերաբերյալ վերլուծական հոդվածներ գրելիս հաճախ նշվում է, որ մարդկանց վարքագծի պատճառը ինքնությունն է, այսինքն՝ հայ լինելը: Ինչ-որ մի բանի արդյունքի դրդապատճառ է դիտարկվում հայ լինելու հանգամանքը: Պատճառահետևանքային կապի մեջ հիմնականում հայ լինելը դիտվում է որպես պատճառ, և, բնականաբար, եզրահանգումները հիմնված են լինում ինքնության գործոնի վրա: Մի խոսքով՝ վարքագծի հիմնական պատճառ է դիտվում ինքնությունը:

Ընդունելով, որ ինքնությունը վարքագծի պատճառ կարող է լինել, սակայն այն վարքագծի միակ կարևոր գործոն դիտարկելը խնդիրներ է առաջացնում: Խնդիրն այն է, որ ինքնությունից բացի՝ հայը նաև մարդ է, ունի ուղեղ, այդ ուղեղը ունի ենթագիտակցական ու գիտակցական մաս: Օրինակ՝ ենթագիտակցական մասը, որն ըստ գիտնականների՝ ուղեղի աշխատանքի մեծ մասն է կատարում, ինքնության հետ կապ չունեցող մեծ ծավալի գործողություններ է կատարում, որն էլ մարդու որոշումների կայացման վրա ազդեցություն է ունենում և վարքագծի կարևոր պատճառ լինում:

Բացի դրանից, ինքնություն ունեցող մարդը ապրում է միջավայրում, որտեղ գոյություն ունեն խաղի կանոններ, իսկ վերջիններս էլ թերևս վարքագծի ամենակարևոր պատճառներն են: Սրա վառ ապացույց է Հյուսիսային ու Հարավային Կորեաների, Արևելյան ու Արևմտյան Գերմանիաների օրինակները: Այս երկու օրինակները բնական փորձարկումներ են՝ հասկանալու, թե ինքնությունն ինչ դեր է խաղում վարքագծի համար: Պատմական այս երկու փորձարկումները ցույց են տվել, որ նույն ազգի ներկայացուցիչները կառավարման տարբեր համակարգերում տարբեր վարքագիծ են ունենում: Հաճախ նշվում է, որ այդ համակարգերը ներդրվել են արտաքին ուժերի կողմից, սակայն Հյուսիսային ու Հարավային Իտալիաների փորձը ու նրանց տարբերությունները ևս ցույց են տալիս, որ նույն ազգի ներկայացուցիչները տարբեր վարքագիծ են ունենում:

Հաճախ Հայաստանում օլիգարխիայի առկայությունը կապվում է մեր մտածողության հետ: Օրինակ՝ օլիգարխների առկայությունը Հայաստանի հանրությունում դիտվում է որպես ինքնության արդյունք: Բայց օլիգարխիա կա ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի շատ երկրներում, հատկապես՝ Լատինական Ամերիկայում, Ասիայում և Աֆրիկայում: Հենց դա ցույց է տալիս, որ ինքնությունը որևէ կապ չունի. օլիգարխիայի ձևավորման պատճառն ուրիշ է:

Ինքնությունը որպես ցանկացած տեսակի վարքագծի պատճառ դիտարկելը իրականությունից կտրվելու փորձ է: Պետք է հաշվի առնել, որ կան այլ գործոններ, որոնք վարքագծի պատճառ են: Միայն բազմակողմանի դիտարկումը կօգնի ավելի լավ հասկանալ մեր հանրությունը և նրա խնդիրները, ինչպես նաև ավելի հեշտ որոնել լուծումներ այդ խնդիրների համար:

Մեկնաբանել