11 նոյեմբեր, 2013 15:29

Էջմիածինն ու Ռինդը` Տարվա լավագույն համայնքներ

Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 17-ամյակի կապակցությամբ նոյեմբերի 10-ին անցկացվել է «Տարվա լավագույն համայնք-2013» մրցանակաբաշխությունը, որին ներկա էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, մարզպետներ, համայնքապետեր, ավագանու անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ինչպես հաղորդում են տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունից, փոխվարչապետը շնորհավորել է տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին` օրվա կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել:

2013թ. լավագույն քաղաքային համայնք է ճանաչվել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքը, լավագույն գյուղական համայնք՝ Վայոց ձորի Ռինդ համայնքը։ «Լավագույն համայնք» մրցանակաբաշխության շրջանակում հատուկ մրցանակների են արժանացել նաև Ապարան, Քաջարան, Մերձավան, Պեմզաշեն համայնքները:

«Մաքուր համայնք» անվանակարգում մրցանակները շնորհվել են Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքային և Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղական համայնքներին: «Կանաչապատ համայնք» է ճանաչվեցլ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքային համայնքը, Իջևան քաղաքին այս անվանակարգում տրվել է հատուկ մրցանակ:

Մշակութային լավագույն քաղաքային համայնք է ճանաչվել Սյունիքի մարզի Գորիս քաղաքը, գյուղական համայնք` Արմավիրի մարզի Փարաքար համայնքը: Հաշվի առնելով «Համագործակցության մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի շրջանակում «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք ճանաչված» Գյումրիում տարվա ընթացքում անցկացված միջոցառումները` Գյումրիին շնորհվել է հատուկ մրցանակ:

«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն` նոյեմբերի 10-ը պաշտոնապես նշվում է որպես Տեղական ինքնակառավարման օր: