ԱԺ խմբակցությունների դիրքորոշումը` Իշխան Զաքարյանի վերանշանակման հարցում

Խորհրդարանական խմբակցությունները նոյեմբերի 11-ին իրենց դիրքորոշումը հայտնեցին Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում նախագահ Սերժ Սարգսյանի ներկայացրած` Իշխան Զաքարյանի թեկնածությանը:

«Ժառանգության» անունից Զարուհի Փոստանջյանը խիստ քննադատության ենթարկեց Վերահսկիչ պալատի գործունեությունը` նշելով, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ևս իր բացասական դիրքորոշումն արտահայտեց` նշելով, որ Դաշնակցությունը չի մասնակցելու քվեարկությանը:

Հայ ազգային կոնգրեսը ևս չի մասնակցելու քվեարկությանը: Խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը մատնանշեց Գլխավոր դատախազի պաշտոնում Գևորգ Կոստանյանի քվեարկության արդյունքների հետ կապված խնդիրը, երբ ընդդիմադիր խմբակցությունները դեմ քվեարկելու մասին հայտարարություններ էին արել, սակայն արդյունքում ընդամենը 3 դեմ քվեաթերթիկ կար: Նա ասաց, որ հավատում է իր ընդդիմադիր գործընկերների ազնվությանը և այս անգամ չի մասնակցի Հանրապետականների կազմակերպած խաղին:

Կոալիցիոն Հանրապետականն ու «Օրինաց երկիրը» կողմ են քվեարկելու Իշխան Զաքարյանի թեկնածությանը: Կողմ է քվեարկելու նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը:

««Բարգավաճ Հայաստանը» դրական վերաբերմունք ունի Իշխան Զաքարյանի թեկնածությանը»,- ասաց խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Քվեարկությունը տեղի կունենա նոյեմբերի 12-ին` ժամը 12:15-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում:

Իշխան Զաքարյանը նոյեմբերի 11-ին ԱԺ-ում հանդես էր եկել նաև ելույթով և պատասխանել պատգամավորների հարցերին:

Մեկնաբանել