Ազգային ժողովի Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցությունը միջնորդություն է ներկայացրել գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին` խնդրելով փոխել դերասան Վարդան Պետրոսյանի խափանման միջոց կալանքը: Պատգամավորները երաշխավորում են Վարդան Պետրոսյանի պատշաճ վարքագիծը` պատրաստակամություն հայտնելով մուծել օրենքով նախատեսված անձնական երաշխավորության գումարը: Ստորև ներկայացված է ՀՅԴ խմբակցության դիմումը:
ՀՀ Գլխավոր դատախազ պարոն Գ.Կոստանյանին
Պատճենը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ պարոն Տ. Սահակյանին,
ՀՀ Կոտայքի մարզի դատախազ պարոն Վ. Ռշտունուն,
ՀՀ Ոստիկանության Նաիրիի քննչական բաժանմունքի քննիչ պարոն Հ. Հակոբյանին
Դիմում (անձնական երաշխավորություն կիրառելու մասին)
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2013 թվականի հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի մասնակից Վարդան Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը երկու ամիս ժամկետով:
Նշված որոշումը բողոքարկվել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան: Տեղի է ունեցել ողբերգություն: Ցավակցում ենք զոհված երիտասարդների հարազատներին:
Վստահ ենք, որ անձնական ողբերգություն է ապրում նաև Վարդան Պետրոսյանը:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 145 և 147 հոդվածներով, հաշվի առնելով Վարդան Պետրոսյանի անձը, նրա անցած ճանապարհը, նրա առողջական վիճակը, նրան մեղսագրվող արարքի բնույթը և հասարական վտանգավորության աստիճանը՝ մենք անհրաժեշտ ենք գտնում հանդես գալ անձնական երաշխավորությամբ: Խնդրում ենք նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանքը փոխել այլ խափանման միջոցով`անձնական երաշխավորությամբ:
Մենք` ՀՀ Ազգային ժողովի ներքոստորագրյալ պատգամավորներս, երաշխավորում ենք Վարդան Պետրոսյանի պատշաճ վարքագիծը, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով նրա ներկայանալը և այլ դատավարական պարտականություններ կատարելը: Պատրաստ ենք մուծել օրենքով նախատեսված անձնական երաշխավորության գումարը:
Հարգանքով` Արմեն Ռուստամյան, Աղվան Վարդանյան, Արծվիկ Մինասյան, Արմեն Բաբայան