Կաբելն ի՞նչ եղավ. Նիկոլ Փաշինյանը` Իշխան Զաքարյանին

Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջադրված Իշխան Զաքարյանը նոյեմբերի 11-ին Ազգային ժողովում հանդես եկավ ելույթով:

Հարց ու պատասխանի ընթացքում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Իշխան Զաքարյանից հետաքրքրվեց մի քանի ամիս առաջ Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած հայտնի խորհրդակցության ժամանակ մատնանշված խնդիրների ճակատագրով: Փաշինյանը հիշեցրեց, որ ամիսներ առաջ Իշխան Զաքարյանը նշել էր, որ պետբյուջեի միջոցներից միլիարդավոր դրամներ են յուրացվել, արդյոք հիմա նա պարտավորվե՞լ է, որ այլևս կասկածի տակ չի դնի կառավարության քայլերը և ի վերջո` «Էն կաբելը ի՞նչ եղավ»: ՀԱԿ պատգամավորն այդպիսով ակնարկեց 2013թ. հունիսի 13-ին Զաքարյանի կողմից ԱԺ բերված մալուխի կտորը, որով ՎՊ նախագահը ցանկացել էր պատկերավոր ցույց տալ շինարարության ոլորտում կատարված յուրացումները:

Նիկոլ Փաշինյանը նաև հիշեցրեց, որ Ազգային ժողովի դահլիճում ինքը բազմիցս հարցրել է Զաքարյանին նրա առանձնատան մասին և բավարար պատասխան չի ստացել: «Ինչպե՞ս պատահեց, որ 700 միլիարդ դրամ կասկածի տակ դնող պաշտոնյան ունի էդպիսի մի քանի միլիոն դոլար արժողությամբ առանձնատուն և ըստ էության մենք չենք կարողանում պարզաբանում ստանալ»,- ասաց Փաշինյանը:

Իշխան Զաքարյանն էլ պատասխանեց, «Վերջիվերջո, Վերահսկիչ պալատը ասում է մի բան, կառավարությունը հակադարձում է կամ համաձայնվում է: Դրա համար օրենքը ընդամենը մի ճանապարհ ունի՝ դատարան: Առանձնատան հետ կապված` այո, Դուք երկու անգամ այտեղ հարց բարձրացրել եք, ես երկու անգամ պատասխան տվել եմ, և ոչ թե ես եմ տվել, այլ տվել է այն անձնավորությունը դեռևս երեք տարի առաջ «Իրավունք» թերթում: Ավելի մանրամասների համար չեմ կարծում, որ սա այն ամբիոնն է, որտեղ կարելի է ամեն ինչի մասին խոսել»:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Այս ամբիոնն այն ամբիոնն է, որտեղից Հայաստանի քաղաքացիները պետք է լսեն. սա մամուլի ակումբ չէ: Մի անգամ գալիս եք, Ձեր գերատեսչության կայքին եք հղում տալիս, մյուս անգամ գալիս եք լրատվական միջոցին եք հղում տալիս: Հանրության մոտ և իմ գիտակցության մեջ առաջացել է հստակ կասկած-հիմնավորում, որ կառավարությունից սկսած, նախագահից, որոշակի կոռուպցիոն շրջանակի տարբեր օղակներ եք: Ես հարցը տալիս եմ, որ դուք հանրությանը պատասխանեք: Եվ կաբելի մասին իմ առաջադրած հարցին չպատասխանեցիք»:

Իշխան Զաքարյանը նշեց, որ նախագահի մոտ խորհրդակցության ժամանակ բարձրացրած շատ-շատ այլ հարցերի մասին չի խոսվում, և սկսեց կարդալ նախագահի խոսքը, որը հնչել էր խորհրդակցության ժամանակ:

Մեկնաբանել