Բաղրամյան 26-ի հեղափոխության մարտիկները

Վերջին շրջանում Հայաստանի ներքաղաքական կյանքում հետաքրքիր փոփոխություններ են տեղի ունենում: Իշխանությունը սկսել է ոչ միայն հեղափոխության կոչեր անող մարդկանց հանդուրժել, այլև փորձում է նրանց գործողությունները օգտագործել իր նպատակների համար: Իշխանության հավատարիմ մարդիկ խոսում են հեղափոխության մասին, իսկ Բաղրամյան 26-ին հավատարիմ կայքերը տարածում են նյութը: Իշխանությունը սկսել է ոչ միայն հեղափոխության կոչեր անող մարդկանց հանդուրժել ու փորձում է նրանց գործողությունները օգտագործել իր նպատակների համար:

Վերջին շրջանում հենց այս տարբերակով իշխանությունը փորձում է պայքարել հեղափոխության գաղափարների տարածման դեմ: Օրինակ` Շանթ Հարությունյանի գործողություններին իշխանությունը ոչ թե ընդդիմացավ, այլ փորձեց իր ներկայացուցիչների միջոցով այդ գործընթացը տանել իրեն ձեռնտու ուղղությամբ: Պայթուցիկներով ու փայտերով զինված մարդկանց ոստիկանությունը ոչ թե կանգնեցրեց, այլ ուղղորդեց, որպեսզի նրանք գործողություններ կատարեն ու հետո ձերբակալեց:

Նոյեմբերի 11-ին յութուբում հայտնվել է տեսահոլովակ, որտեղ դերասան Լևոն Հարությունյանը հեղափոխության կոչ է անում: Հեղափոխության կոչով տեսահոլովակը սկսել են տարածել նախագահականին կից աշխատող լրատվամիջոցները: Այդ կայքերի կողմից հեղափոխության կոչով տեսահոլովակի տարածումը խոսում է այն մասին, որ իրավիճակը վերահսկելի է, և իրենք փորձում են հեղափոխության գաղափարը հա՛մ արժեզրկեն, հա՛մ էլ հեղափոխության գործընթացում իրենց գործակալները ունենան:

Բաղրամյան 26-ը փորձում է դաշտ իջեցնել իշխանությունից «դժգոհ» զանգվածին և «‹հեղափոխականներին», որոնք վերահսկելի ձևով կփորձեն ներքաղաքական գործընթացներ առաջ տանել իրենց ցանկացած ուղղությամբ:

1980-ականներին ԽՍՀՄ-ում նույն ձևով ուժային կառույցները փորձում էին հանրահավքների մեջ ներդնել իրենց մարդկանց ու հեղափոխականներ էին իջեցնում դաշտ, որպեսզի վերահսկեն գործընթացը: Սակայն փորձը ցույց տվեց, որ երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու փոխարեն նման իմիտացիոն գործընթացները շատ վտանգավոր են: Դրա համար էլ ոչ թե ԿԳԲ-ն վերահսկեց այդ ցույցերը, այլ հենց այդ ցույցերը կործանեցին ԿԳԲ-ն, ինչպես նաև՝ ԽՍՀՄ-ը:

Բաղրամյան 26-ի տեսլականը հեղափոխության իմիտացիայի ստեղծումն է: Իմիտացիայի միջոցով փորձում են վերահսկելի դարձնել հանրության բողոքը: Պատմական փորձը ցույց է տալիս, որ հանրությունում գոյություն ունեցող խնդիրները պետք է լուծել, իմիտացիայի միջոցով հնարավոր չէ խնդիրները վերացնել: Այդ իսկ պատճառով նույնիսկ իմիտացիան չի փոխելու երկրի ծանր դրությունը և այն միայն հեղափոխության նոր ալիք է առաջացնելու, ինչպես որ եղել է ԽՍՀՄ-ում: Իսկ ԽՍՀՄ փորձը ցույց է տալիս, թե այդ ալիքը ինչ կարող է անել:

Մեկնաբանել