ՀՀԿ-ն քննարկում է արտահերթ նիստին իր մասնակցության հարցը

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունն այս պահին դեռ քննարկում է նոյեմբերի 15-ին` ժամը 12:00-ին, նախատեսված` կենսաթոշակային նոր համակարգի հարցով արտահերթ նիստին իր մասնակցության հարցը: Այս մասին ՍիվիլՆեթին տեղակացրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը:

Նոյեմբերի 13-ին ԱԺ Հայ հեղափոխական դաշնակցություն, «Ժառանգություն», «Հայ ազգային կոնգրես» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները ստորագրահավաք էին իրականացրել` հավաքելով արտահերթ նիստի հրավիրման համար անհրաժեշտ 44 ստորագրությունները:

Նույն օրը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Հանրապետականը չի տապալի արտահերթ նիստը:

Նիստին ՀՀԿ խմբակցության չներկայանալու դեպքում քվորում չի ապահովվի և նիստը չի կայանա:

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը նոյեմբերի 11-ին հայտարարել էր, որ խորհրդակցություններ է սկսելու խորհրդարանական մյուս խմբակցությունների հետ՝ արտահերթ նիստ հրավիրելու 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Կենսաթոշակային բարեփոխումների մասին օրենքի» հարցով: Նոյեմբերի 13-ին համանման հայտարարությամբ հանդես եկավ նաև ՀԱԿ խմբակցությունը:

Նոյեմբերի 11-ին էլ «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնությունը բաց նամակով դիմել էր ԱԺ պատգամավորներ Հրանտ Բագրատյանին, Նիկոլ Փաշինյանին, Լևոն Զուրաբյանին, Արծվիկ Մինասյանին, Նաիրա Զոհրաբյանին, ինչպես նաև մի շարք այլ պատգամավորների՝ Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի պարտադիրության սկզբունքն անվավեր ճանաչելու համար ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու և սահմանադրական դատարան դիմելու նպատակով ստորագրահավաք նախաձեռնելու վերաբերյալ:

Մեկնաբանել