Կառավարությունը պետք է ուսումնասիրի նիսյաների ինստիտուտը

Հունվարից սկսելու է գործել կենսաթոշակային նոր համակարգը: Քաղաքացիները ընդվզում են դրա ներդրման դեմ, որովհետև չեն վստահում կառավարությանը և չեն հավատում, որ տարիների ընթացքում իրենցից գանձված միջոցները տնօրինվելու են վստահելի հաստատությունների և մարդկանց կողմից, և իրենց գումարները չեն փոշիանալու:

2013թ. վեց ամիսներին Հայաստանում օտարերկրյա ներդրումները կրճատվել են 35%-ով, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումները՝ 64%-ով: Ներդրողները չեն վստահում Հայաստանի տնտեսությանը, ինստիտուտներին ու բիզնես միջավայրին:

2013թ. երրորդ եռամսյակում տնտեսության վիճակը բնութագրող կարևորագույն ցուցիչներից մեկը՝ սպառողների վստահության ինդեքսը, անկում է արձանագրել՝ տարվա առաջին եռամսյակի 43.9 կետից երրորդ եռամսյակում իջնելով մինչև 41.9 կետի: Սպառողներն ավելի քիչ են սկսում վստահել տնտեսությանը և իրենց եկամուտների կայունությանը:

Հայաստանը Մոսկվայում անսպասելիորեն ստորագրում է Մաքսային միությանը միանալու որոշում՝ տապալելով Եվրոպական Միության հետ շուրջ չորս տարի կատարած աշխատանքը: Եվրոպան այլևս չի վստահում Հայաստանին: Ռուսաստանը ևս չի վստահում մի գործընկերոջ, որը ժամերի ընթացքում կարող է ամբողջությամբ կերպարանափոխվել:

Երևանի քաղաքապետարանը հանձնաժողով է ձևավորել՝ քննարկելու հանրային տրանսպորտի ուղեվարձի վերանայման հարցը: Քաղաքացիները չեն հավատում, որ հանձնաժողովը արդար և իրենց շահերից բխող որոշում կկայացնի, որովհետև չեն վստահում քաղաքային իշխանություններին:

Հայաստանի քաղաքացիները՝ ապահով և ոչ ապահով, արտագաղթում են, որովհետև իրենց ապագան չեն վստահում այս պետությանն ու ինստիտուտներին:

Այս օրինակների շարքը կարելի է շարունակել:

Ընդհանրապես, Հայաստանում վստահության լուրջ ճգնաժամ կա: Քաղաքացիները չեն հավատում պետական ինստիտուտներին՝ նախագահին, կառավարությանը, իրավապահ համակարգին, չեն հավատում արդարադատությանն ու ընտրություններին:

Բայց այնպես չէ, որ Հայաստանի քաղաքացիները թերահավատության բարդույթով են տառապում և հենց իրենք են խնդիրների աղբյուրը: Այլապես ինչպե՞ս հասկանալ, երբ տոտալ անվստահության պայմաններում լավագույնս աշխատում է հանրության իսկ ստեղծած «նիսյաների ինստիտուտը»՝ յուրաքանչյուր շենքի առաջին հարկի խանութում՝ առանց գրավի, արժեթղթերի, երաշխավորագրերի՝ ընդամենը «նիսյաների տետրում» նշումով:

Ստացվում է, որ Հայաստանում վստահություն կա միայն «նիսյաների ինստիտուտի» նկատմամբ: Մնում է, որ կառավարությունը բյուջեից միջոցներ տրամադրի ուսումնասիրելու «նիսյաների ինստիտուտի» փորձը և մշակի ռազմավարություն՝ իր և պետական մյուս ինստիտուտների նկատմամբ վստահությունը վերականգնելու համար:

Մեկնաբանել