Տեղեկատվական ֆաստ-ֆուդ

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Տավուշի մարզի Վազաշեն գյուղի ուղղությամբ ընթացող քաղաքացիական մեքենաների գնդակոծությունն այն հերթական տեղեկատվական առիթն էր, որ ԶԼՄ-ներին ստիպեց նորից հանել ղարաբաղյան հակամարտության մասնագետ-փորձագետների ցուցակը և մեկ առ մեկ զանգահարել՝ նրանց հեղինակավոր կարծիքն ու մեկնաբանությունն իմանալու համար: Հերթը հասավ նաև տողերիս հեղինակին, սակայն ես ևս մեկ հուսահատ փորձ արեցի ինձ զանգած լրագրողին համոզելու, որ իմ անտեղյակ կարծիքն իրականում, մեղմ ասած, չպիտի հետաքրքրի հանրությունը։ Այսպես թե այնպես՝ հերթական անգամ կրկնվեց նույն պատմությունը՝ հնչեցին զանազան կարծիքներ, բայց կատարվածի մասին իրական տեղեկատվությունը մնաց այն սահմաններում, որտեղ և եղել էր։ Սա արդեն վերածվել է կարծր ու կարծրատիպ ավանդության և արդեն թակում է աբսուրդի դուռը։

Ավելին՝ այն ամեն անգամ երևակում է հայ մամուլի ամենատարածված հիվանդություններից մեկը՝ տեղեկատվական աղբյուրների բազմազանության բացակայությունը։ Այն, ինչ հրամցվում է որպես տեղեկատվական բազմազանություն, իրականում կարծիքների բազմազանություն է։ Իսկ կարծիքների բազմազանությունը կարող է լինել (և այդպես էլ կա հիմա) նաև տեղեկատվության մեկ աղբյուրի հիման վրա։ Փորձագիտական հարգելի հանրությունը բառի վատ իմաստով «նստած» է տեղեկատվական մեկ աղբյուրի, երբեմն էլ տեղեկատվական մեկ աղբյուրի մեկ հատիկ տեղեկության վրա։ Դա, իհարկե, չի խանգարում զանազան խորիմաստ կարծիքներ արտահայտելու և ապահովելու կարծիքների բազմազանությունը։

Իրականում սա նույնիսկ կարծիքների բազմազանություն չէ, քանի որ ոչինչ նոր չհնչեց և չէր էլ կարող հնչել։ Մեկնաբանություններում փոխվել էր պարզապես ամսաթիվ-տարեթիվը՝ նույն մտքերը նույն մարդկանց կողմից հնչել էին նաև մեկ ամիս, վեց ամիս, մեկ տարի, երեք տարի առաջ, այն է՝ ադրբեջանական ԶՈւ-երը, արհամարհելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը, խախտել են հրադադարի ռեժիմը, Ադրբեջանը շարունակում է ձախողել ԼՂ բանակցային գործընթացը, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների (արտգործնախարարների և այլոց) սպասվող հանդիպումից հաշված օրեր առաջ ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացում՝ համառորեն մերժելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված կոչերն ու շարունակական ջանքերը, ադրբեջանական զինված ուժերը խարխլում են տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը, այդօրինակ գործողությունները, ի վերջո, պետք է խստիվ դատապարտվեն համանախագահ երկրների և միջազգային հանրության կողմից: Սա այն կարծիքապաշարն է, որին հանդիպելու եք նաև մեկ ամիս, վեց ամիս, մեկ տարի, երեք տարի անց։

Այո, իրականում սա նույնիսկ կարծիքների բազմազանություն չէ, այլ դեմքերի բազմազանություն։ Անկեղծորեն ասած՝ սա վաղուց արդեն դեմքերի բազմազանություն էլ չէ, քանի որ լսարանը գործ ունի փորձագիտական նույն շրջանակի, փորձագիտական նույն պատկերասրահի հետ։ Այս մարդկանց էլ կարելի է հասկանալ՝ ցանկացած հայտարարության, ցանկացած միջադեպի, ցանկացած կրակոցի, ցանկացած հանդիպման ու հանդիպման մասին ցանկացած պայմանավորվածության ու հանդիպման մասին ցանկացած բարեմաղթանքի կամ ցանկության դեպքում հնչում է ահավոր հեռախոսազանգը, և նրանք պիտի կարծիք հայտնեն։ Ու հայտնում են։

Ինչո՞ւ եմ անընդհատ շեշտում հեռախոսազանգը։ Որովհետև սա ևս հայ մամուլի արատներից մեկն է։ Քեզ զանգում ու քեզ գտնում են ամենուր՝ հարսանիքին, մեռելատանը, հանրային տրանսպորտում, խանութի հերթում, հիվանդանոցում, ժողովում և ուր ասես։ Զանգում ու անհապաղ կարծիք են պահանջում՝ ոչ միայն չհետաքրքրվելով, թե արդյո՞ք հարմար է խոսելը, այլև մեկ րոպե անգամ չտալով գոնե մտորելու փորձի, գոնե տեղեկատվությունն ի մի բերելու համար։ Ու, բնականաբար, ստանում են իրավիճակին ու իրենց մոտեցմանը լիովին հարիր կարծիքներ։ ԶԼՄ-ներից ու լրագրողներից ոչ ոք չի ուզում հարցերը գրավոր ուղարկել ու ստանալ գրավոր պատասխաններ, ոչ ոքի չի հետաքրքրում կարծիքի (ի վերջո՝ նաև սեփական նյութի) որակը, ոչ ոք չի ուզում սպասել մեկ ժամ, մի օր կամ մի քանի օր։ Ոչ՝ հիմա և այստեղ։

Իրականում սա ողբերգազավեշտ է, որովհետև այսպես լրատվամիջոցներ են կայանում, այսպես փորձագիտական հանրություն է ձևավորվում և այսպես, որքան էլ ցավալի լինի, հասարակական կարծիք է ստեղծվում։ Լսարանն սկսում է հարմարվել այսպիսի տեղեկատվանկան ֆաստ-ֆուդին և քայքայում հանրային առողջությունը։

Իրավիճակը կարող է փոխվել, եթե լինի տեղեկատվության աղբյուրների բազմազանություն։ Ինքս լրագրող լինելով՝ քաջ հասկանում եմ, թե մեր երկրում ու մեր օրերում որքան դժվար է տեղեկություններ հայթայթելը պետական և միջազգային ատյաններից, բայց ցավն այն է, որ վաղուց արդեն ցանկություն էլ չկա։ Ոչ ոք արդեն չի էլ փորձում։ ԶԼՄ-ները չեն փորձում աղբյուրներ գտնել պետական ատյանների նախադռանն ու ետնադռանը, կոնտակտներ չունեն միջազգային ատյաններում ու արտերկրի փորձագիտական շրջանակներում, չունեն տեղեկատվության ու վերլուծության այլալեզու աղբյուրներ։ Հասկանում եմ՝ սա էլ է դժվար։ Բայց ախր ոչ ոք չի փորձում նաև, ասենք, միջադեպի վայրում ու շրջակայքում տեղեկություններ հայթայթել։ Ինքս, որպես խմբագիր, միջադեպի վայրից ցանկացած մարդու՝ պատահական անցորդի, տավարածի, ՏԻՄ մարմնի ցանկացած ներկայացուցչի, ծնողներից կիսատ-պռատ ինչ-որ բան լսած ցանկացած երեխայի ասածն ու վկայությունը չեմ փոխի տասնյակ փորձագետների կարծիքների հետ։ Բայց սա էլ չի արվում։

Այսօր ինձ զանգած լրագրողին փորձելով բացատրել, որ իմ կարծիքը լսարանին մատուցելու արժանի չէ ու ընկալում չգտնելով, ճարտասանական հարց տվի՝ մի՞թե այդքան վատ կարծիքի եք ձեր (մեր) լսարանի մասին։ Ամեն ինչ, ըստ իս, այստեղից է սկսվում։ Ինքներս վատ կարծիքի ենք մեր լսարանի (նրա ճաշակի, մակարդակի ու նախասիրությունների) մասին։ Ու հաճախ տարակուսում ենք, թե որտեղից է գալիս մեր՝ լրագրողներիս նկատմամբ լսարանի (հանրության) վատ կարծիքը։

Մեկնաբանել