19 նոյեմբեր, 2013 15:02

Եկել է գործելու կամ դաշտը մաքրելու ժամանակը

Իշխող Հանարապետական կուսակցության կողմից կենսաթոշակային բարեփոխումների հարցով նոյեմբերի 15-ին խորհրդարանական ոչ իշխանական ուժերի կողմից հրավիրված արտահերթ նիստի տապալումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ՀՀԿ-ն ցանկություն չունի քաղաքական փաքրամասնության հետ որևէ հարցում փոխզիջման գնալ: Կենսաթոշակային բարեփոխումներն այն խնդիրն են, որը հուզում է հասարակության մեծ մասին, հետևաբար՝ այդ խնդրի լուծումը պետք է լինի փոխզիջումային: Սակայն իշխանությունը ցույց է տալիս, որ չի պատրաստվում հաշվի նստել որևէ քաղաքական ուժի հետ և հաշվետու լինել հասարակությանը:

Նման կոշտ և ոչ կոմպրոմիսային վարքագիծ կարող էր որդեգրել այն իշխանությունը, որը հանրության շրջանում մեծ հեղինակություն և ծանրակշիռ վստահություն ունի: Սակայն հեղինակության ու վստահության առումով ՀՀԿ-ն լրջագույն խնդիրներ ունի, իսկ եթե սրան գումարում ենք կասկածելի ընտրությունների միջոցով իշխանությանը տիրանալու հանգամանքը, ապա կարող ենք ասել, որ առնվազն բարոյական հարթությունում ՀՀԿ-ն իրավունք չուներ բոյկոտել արտահերթ նիստը:

Իշխանության այդ ցինիկ ու անպատասխանատու պահվածքի համար իրենց մեղավորությունն ունեն նաև խորհրդարանական ոչ իշխանական ուժերը, որոնք վերածվել են ուսերը թափ տալով իշխանության ապօրինություններից բողոքողների: Գործնականում նրանք իշխանությանը համարժեք հակահարված չեն տալիս. որոշ ժամանակ դժգոհելուց հետո կրկին խորասուզվում են խորհրդարանական առօրյայի մեջ:

Եթե ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» և ՀՅԴ-ն, որոնք հավանություն էին տվել արտահերթ նիստին, ցանկանում են իրավիճակ փոխել, պետք է որպես առաջին պատասխան սկսեն ԱԺ նիստերի անժամկետ բոյկոտի գործողություն և քննարկեին հետագա գործողությունների ռազմավարությունը:

Անպատժելիության և հակահարված ստանալու հեռանկարի բացակայությունը իշխանությանը դարձնում է ավելի ցինիկ և անպատասխանատու: Կարծես ստեղծվել է փակ շղթա՝ իշխանությունը ի հեճուկս հանրության և ընդդիմության՝ անում է այն, ինչը բխում է իր շահերից, իսկ ընդդիմությունն ու հասարակությունը դրան ոչինչ հակադրել չեն ցանկանում. մինչ այս կիրառվող հակադրվելու զինանոցը արդեն վաղուց սպառել է իրեն:

Ընդդիմությունը պետք է արմատականորեն փոխի պայքարի մարտավարությունն ու ռազմավարությունը, մեթոդներն ու մեխանիզմները: Ընդիմության ու այլընտրանքի կողմից իշխանությունից բողոքներ ու դժգոհություններ լսելը այլևս ձանձրալի ու հոգնեցնող են: Իշխանության բարոյական և իրավական նկարագիրը բոլորին հայտնի է ու անընդհատ կրկնելը արդյունք չի տալիս: Եկել է գործելու կամ դաշտը մաքրելու ժամանակը:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: