Ուկրաինան $800 մլն կներդնի TANAP-ում

Ուկրաինան պատրաստ է իր մասնակցություն ունենալ Անդրանատոլիական գազամուղին (TANAP) և նախագծում ներդնել 800 մլն դոլար: Կիևի՝ TANAP-ը Բուլղարիայի և Ռումինիայի գազամուղներին, այնուհետ Անանև-Տիրասպոլ-Իսմայիլ գազամուղին միացնելու առաջարկը քննարկվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նոյեմբերի 17-18 Ուկրաինա պաշտոնական այցի ընթացքում, հաղորդում է «Կոմերսանտ Ուկրաինան» ՝ վկայակոչելով էներգետիկայի նախարարության իր աղբյուրները:

Ըստ պարբերականի՝ էներգետիկ միջանցքի շնորհիվ հնարավոր կլինի տարեկան 10 մլրդ խմ գազ տարանցել: Հաշվի առնելով հանգամանքը, որ ադրբեջանական գազը ներկայիս գներով Ուկրաինայի համար կարժենա 60-80 դոլար 1000 խմ-ի դիմաց և ավելի էժան կլինի ռուսականից, այդ ներդրումները հնարավոր կլինի փոխհատուցել արդեն հինգ տարի հետո:

«Մենք առաջարկել ենք, որ Ուկրաինան նախագծում հանդես գա ոչ միայն որպես ներդրումային բաղադրիչ, այլև նոր ճյուղի շինարարության մասնակից՝ հաշվի առնելով մեր գազատրասնպորտային համակարգի հնարավորությունններն ու Արևմտյան Ուկրաինայում գտնվող մեր գազապահուստարանները», -ասել է Ուկրաինայի էներգետիկայի և ածխաարդյունաբերության նախարար Էդուարդ Ստավիցկին ադրբեջանա-ուկրաինական բանակցություններից հետո:

Ուկրաինան նախագծին մասնակցության իր մտադրության մասին բազմիցս էր հայտարարել: Մասնավորապես փոխվարչապետ Յուրի Բոյկոն նշել էր, որ մասնակցության համար կան համոզիչ փաստարկներ, քանի որ ենթակառուցվածքները գրեթե ամբողջությամբ պատրաստ են: Նա մատնանշել էր, որ Ուկրաինան Եվրամիության հետ սահմանին գազապահուստարաններ ունի, որոնք գազամուղի համար հիմք կարող են դառնալ: 2013թ. հունիսին Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն շահագրգռված չէ նախագածին Ուկրաինայի մասնակցությամբ:

TANAP նախագծով նախատեսվում է ադրբեջանական «Շահ Դենիզ» հանքավայրից գազը Թուրքիայի տարածքով արտահանել Թուրքիա: Ակնկալվում է, որ գազամուղի նախնական թողունակությունը, կկազմի 16 մլրդ խմ, որից 6 խմ-ը կարտահանվի Թուրքիա, մնացածը՝ Եվրոպա:

TANAP-ի վերաբերյալ Անկարան և Բաքուն միջպետական համաձայնագիր են ստորագրել հունիսի 28-ին, իսկ կառուցամն մասին հուշագիրը ստորագրվել է 2011թ.: Գազատարի շինարարությունը նախատեսվում է սկսել 2013թ. վերջին կամ 2014թ. սկզբին, իսկ առաջին մատակարարումները իրականացնել՝ 2018թ.:

Մեկնաբանել