Կովկասում նոր տեղաշարժեր են սպասվում

Սառը պատերազմի ավարտից և Խորհրդային Միության փլուզումից ընդամենը 22 տարի անց՝ պետությունների դերերի վերաբաշխման նոր գլոբալ գործընթացներ են սկսվել:

Մեծ փոփոխությունները կապված են մի կողմից ԱՄՆ-ի՝ որպես աշխարհի միակ գերտերության դերի նվազման, մյուս կողմից՝ այլ պետությունների հզորացման հետ: CNN-ի GPS հաղորդման վարող Ֆարիդ Զաքարիան իր «Հետամերիկյան աշխարհը» գրքում բնութագրում է վերը նշվածը՝ որպես «մնացածի վերելք»` «the rise of the rest»: Զաքարիան ներկայացնում է, թե ինչպես Չինաստանը, Հնդկաստանը և այլ երկրներ, իրենց ռեսուրսներն արդյունավետ կառավարելով, կարողացել են տնտեսական զարգացում ապահովել և մի շարք հարցերում առաջ անցնել ԱՄՆ-ից: Նա դրա վիճակագրական ապացույց է համարում այն, որ մի ժամանակ ամենաբարձր շենքերը, ամենամեծ կազինոները, մայրուղիներն ու վաճառքի կենտրոնները գտնվում էին ԱՄՆ-ում, իսկ այժմ դրանց մի մասը տեղափոխվել է այլ երկրներ:

Այսպիսով, մի կողմից երկրների մի մասը ձեռք է բերել հզորություն, մյուս կողմից՝ ԱՄՆ-ը կորցրել է իր հզորությունը: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի վերջին նստաշրջանի ընթացքում նշել է, որ աշխարհաքաղաքական նոր իրավիճակում Միացյալ Նահանգների համար գլխավոր մարտահրավեր է այն հանգամանքը, որ որևիցե տարածաշրջանից ԱՄՆ-ի դուրս գալն առաջնորդության վակուում է ստեղծում, և որևիցե երկիր պատրաստ չէ իր վրա վերցնելու այդ առաջնորդությունը:

Այսօր ԱՄՆ-ը փորձում է տարածաշրջանային առաջնորդությունը հանձնել այն երկրներին, որոնք ունակ կլինեն կայունություն պահել տարածաշրջանում: Սիրիայի հարցում Ռուսաստանի հետ հաջող համագործակցությունից հետո Միացյալ Նահանգները սկսել է Ռուսաստանի հետ հարաբերությունների նոր մակարդակ: Ռուսաստանին մեկուսացնելու փոխարեն վերջինիս ներգրավում է տարածաշրջանային գործընթացների մեջ:

Քանի որ ԱՄՆ-ը Ռուսաստանին ներգրավել է աշխարհաքաքական նոր գործընթացների մեջ, շատ հարցերում չի ընդդիմանում Ռուսաստանի արտաքին քաղաքական վարքագծին: ԱՄՆ-ը հանգիստ է վերաբերվել Հայաստանի և Ուկրաինայի ԵՄ Ասոցացման պայմանագրի հետ կապված որոշումներին, քանի որ այդ գործընթացը ևս կապված էր Ռուսաստանի դերի փոփոխության հետ:

Սակայն ԱՄՆ-ը չի պատրաստվում Ռուսաստանին միայնակ թողնել շատ հարցերում: Քարնեգի հիմնադրամի Մոսկվայի կենտրոնի տնօրեն Դմիտրի Տրենինը իր վերջին՝ «Գերմանիային Ռուսաստանի նկատմամբ նոր քաղաքականություն է պետք» վերնագրված հոդվածում գրել է, որ հենց Գերմանիան պետք մշակի և իրականացնի Ռուսաստանի հետ ԵՄ քաղաքականությունը: Կարծես, ԱՄՆ-ը ցանկանում է, որ ոչ թե ԵՄ-ն լինի Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացնողը և հավասարակշռություն ստեղծողը, այլ Գերմանիան: Սա կարող է կապված լինել նրա հետ, որ ԵՄ-ն արտաքին քաղաքականության մշակման և իրականացման հարցում շատ քիչ գործիքներ ունի և թույլ է:

Իրան-ԱՄՆ միջուկային բանակցությունների հաջող ավարտից հետո Իրանը ևս նոր դեր է ստանալու: Իրանը Կովկասում մրցակցության մեջ է մտնելու Ռուսաստանի հետ:

Աշխարհաքաղաքական փոփոխությունները Կովկասում նոր տեղաշարժեր են առաջացնելու: Դրանք արդեն նկատելի են. Հայաստանը որոշել է միանալ Մաքսային միությանը, սակայն Արցախի կարգավորման գործընթացն ու առաջնորդությունն իր ձեռքն է վերցրել ԱՄՆ-ը: Սա նաև ուղղակի ազդեցություն կունենա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վրա:

Պետությունների դերի փոփոխության գործընթաց է սկսվել: Այս գործընթացում կարևոր խաղորդների դերի փոփոխությունը կբերի նաև մնացածի դերերի փոփոխությանը: Հնարավոր է, որ այս փոփոխությունները տանեն նաև անկայունության, որը աշխարհի տարբեր մասերում կոնֆլիկտների առաջացման կամ եղած կոնֆլիկտների թեժացման պատճառ լինի:

Մեկնաբանել